Քծնելու արվեստը Հայաստանում 21-րդ դարի երկրորդ տասնամյակում
Քծնանքը նորօրյա երեւույթ չէ: Քծնել են Տիգրան Մեծի ժամանակ, քծնել են Արշակունիների, Բագրատունիների ժամանակ, նույնիսկ` Կիլիկյան Հայաստանում:
Ո՛նց են քծնել Ախկոյունլուների իշխանության տարիներին: Քծնել են Օսմանյան կայսրությունում, Պարսկաստանում եւ անգամ Ռուսական կայսրությունում ապրող հայերը, բայց, բարեբախտաբար, ոչ բոլորը:
Քծնելու արվեստը կատարելագործվել է խորհրդային տարիներին: Մեծ ու փոքր պաշտոնյաները հատուկ կուրսեր էին անցնում քծնելու արվեստի յուրահատկություններին տիրապետելու համար: Եւ այսօր, երբ տեսնում ենք, թե ինչպես է Սերժ Սարգսյանին քծնում «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, հասկանում ենք, թե քծնանքի խորհրդային դպրոցն ինչ հզոր է եղել:
Վարդան Բոստանջյանն ամբիոն բաց չի թողնում Սերժ Սարգսյանին քծնելու համար: Եւ այնպես է քծնում, որ թվում է, թե իսկապես չի հասկանում, որ դրանով ինչ վատություն է անում հայ ժողովրդին, մեր պետականությանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նա չի էլ գիտակցում, որ այդ քծնանքով վատություն է անում նաեւ հենց Սերժ Սարգսյանին:
Վարդան Բոստանջյանը երկար տարիներ պատգամավոր է եղել, երկար տարիներ լուրջ պաշտոններ զբաղեցրել, ունի գիտելիքների որոշակի պաշար եւ քծնելու փոխարեն կարող է հանդես գալ կոնկրետ առաջարկներով, կարող է ներկայացնել Հայաստանի զարգացման ծրագրեր այս կամ այն բնագավառի համար: Կարող է, բայց չի անում: Գուցե ժամանակներն են այսպիսին: Ցավալի է, բայց փաստ. այսօր քծնում է նաեւ Վարդան Բոստանջյանը, չհասկանալով, որ իրեն բավական անհարմար վիճակի մեջ է գցում, չհասկանալով, որ արջի ծառայություն է մատուցում Սերժ Սարգսյանին եւ վատություն անում Գագիկ Ծառուկյանին:
Մնում է հուսալ, որ Բոստանջյանը կանգ կառնի, մի պահ իրեն կողքից նայելուց հետո, հակառակ դեպքում այս ամենն արդեն շատ անդուր եւ տհաճ է դառնում:
Հակոբ Ասատրյան