Ի՞նչ է քննարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ կայացած հանդիպմանը
Քննարկեցինք ստեղծված իրավիճակը, իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, մենք եւ յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրեցինք մեր տեսակետները, կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հարցին, թե այսինքն միասնական մոտեցո՞ւմ է լինելու, նա արձագանքեց. «Ի՞նչ միասնական։ Արցախի մասին կոնկրետ ՀՅԴ-ն ունի իր պատկերացումները, վերաբերմունքը շատ մանրամասներով, դետալներով»։ Սաղաթելյանը հավելեց, որ որեւէ որոշում չի կայացվել։
Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ՀՅԴ-ն եւ եւս 13 կուսակցություններ հանդես են եկել Արցախի հետ ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությամբ. «Արցախի անկախության ճանաչման մասին շոշափում եղել է, բայց այստեղ որոշում ընդունելու տեղ չէր, տեղեկատվական բնույթի հանդիպում էր»։