11 ժամ բանակցություններ եւ հրադադար
Մոսկվայում ՌԴ, ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարների 11 ժամյա բանակցություններն ավարտվել են համատեղ հայտարարության ընդունմամբ:
ՌԴ, ԱՀ եւ ՀՀ արտգործնախարարների համատեղ հայտարարությունը
Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի, եւ համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած պայմանավորվածությունների կողմերը համաձայնության եկան ներքոնշյալ քայլերի իրականացման մասին.
1, Հոկտեմբերի 10-ից, ժամը 12,00-ից մարդասիրական նկատառումներից ելնելով հայտարարվում է հրադադար գերիների եւ այլ անձերի փոխանակման, ինչպես նաեւ զոհվածների մարմինները փոխանակելու համար, որն իրականացվելու է Կարմիր խաչի միջնորդությամբ եւ նրա չափորոշիչների համաձայն:
2, Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը համաձայնեցվելու են լրացուցիչ:
3, Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա անցնում են սուբստանտիվ բանակցություններին՝ խնդրի արագ կարգավորմանը հասնելու նպատակով:
4, Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի պահպանումը: