Լավրովը եւ Լե Դրիանը կոչ են արել Արցախում ամբողջական հրադադար հաստատել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը երկուշաբթի հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախարարները մանրակրկիտ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, լուրջ մտահոգություն են հայտնել ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ եւ հակառակորդ կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի ու դեէսկալացիայի կոչ են արել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների կարեւորությունը` համաձայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության»:
Լավրովը զրույցի ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարարին ասել է նաեւ, որ Նավալնու գործը քաղաքականացնելու փորձերն անընդունելի են: