Human Rights Watch-ը Ղարաբաղյան սրացման կողմերին կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը
HRW միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես կոչ է արել ԼՂ հակամարտության գոտում ներգրավված հակամարտող բոլոր զինված ուժերին տարբերակել քաղաքացիական եւ զինվորական անձանց համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի։
Կազմակերպությունը շեշտել է, որ պետք է կողմերը պահպանեն քաղաքացիական անձանց թիրախավորման բացարձակ արգելքը եւ խուսափեն անխտիր վնաս հասցնելուց։
«Կողմերը պետք է հիշեն, որ խաղաղ բնակչության վրա հարձակումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում եւ ռազմական հանցագործություն է»,- մասնավորապես ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Վիլյամսոնը։ «Սա ճշմարտություն է, եթե հակառակորդը իրականացնում է անխտիր հարձակում»,- շեշտել է կազմակերպության ներկայացուցիչը։
Հեղինակավոր մարդասիրական կազմակերպությունը նաեւ հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար սկզբունքները, որոնք պահանջում են, որպեսզի հստակ զատորոշում դրվի քաղաքացիական անձանց եւ կառույցների, ռազմական կառույցների եւ զինվորականների միջեւ, զերծ մնան անխտրական հարձակում իրականացնելուց։