Կալանավորված Անդրիաս Ղուկասյանը ներկա էր հոր հոգեհանգստին
Հուլիսի 13-ին կյանքից հեռացավ Մարատ Ղուկասյանը՝ Անդրիաս Ղուկասյանի հայրը:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբավորման քաղաքական պահանջներին աջակցող քաղաքացիական շարժումը համակարգող հակաճգնաժամային խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն այժմ կալանված է, եւ նրա վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան:
Այսօր Զովունի գյուղի սգո սրահներից մեկում տեղի ունեցավ Մարատ Ղուկասյանի հոգեհանգիստը, որին մասնակցեց նաեւ Անդրիաս Ղուկասյանը: Նրան հնարավորություն է ընձեռվել մասնակցել նաեւ վաղը հոր թաղմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախաքննական մարմինը մերժել էր Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը՝ թույլ տալ տեսակցել անկողնային հիվանդ 87-ամյա հորը:
Ըստ դատախազության հաղորդագրության՝ «Անդրիաս Ղուկասյանի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելու և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալու, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել: