Արսեն Թորոսյանը հոյակապ հասկանում է, որ ողջ բժշկական միջավայրն իրեն դիմում է ВОЗ-ի տղա անվանումով և դեռ շարունակում է պաշտոնավարել
«Ինչո՞ւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմից ոչ ոք չարժանացավ որևէ տեսակի նյութական և բարոյական աջակցության կամ մրցանակի։ Նախ սկսենք նրանից, որ նրանց պետք է առաջադրեին մրցանակի և դա պետք է աներ Առողջապահության նախարարը։ Հավանաբար վերջինս էլ՝ առաջնորդվելով իր քաղաքական շահերի սպասարկման առաջնահերթությամբ, կոնկրետ տնօրենների կամ բուժհաստատությունների անուններ է ներկայացրել, այլ ոչ թե նրանց, ովքեր իրականում արժան են եղել պարգևի,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց բժիշկ Գևորգ Գրիգորյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ անկախության 29-րդ ամյակի կապակցությամբ պարգեւներ են ստացել նաեւ մի շարք բուժաշխատողներ, որոնց թվում չեն եղել «Նորք» ԻԿՀ -ի աշխատակիցները, ինչի կապակցությամբ վերջինիս աշխատակիցները հրավիրել են երկրի նախագահի ու վարչապետի ուշադրությունը։
Տարածված հայտարարության մեջ բուժանձնակազմը նշել է, որ «Նորք» ԻԿՀ-ն եղել է առաջին հիվանդանոցը, որ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է COVID-19 հիվանդանոցի: Այդ վերապրոֆիլավորումը անձնակազմի համար նշանակել է պատերազմային իրավիճակ եւ ողջ անձնակազմը եղել է վիրուսի դեմ պայքարի առաջնագծում: «Կարծում ենք, մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր»- նշել են հայտարարության հեղինակները:
Որն է պատճառը, ինչու Նորքի ինֆեկցիոնի բուժանձնակազմից որեւէ մեկը չի արժանացել պետական պարգեւի՝ հարցի պատասխան Գ.Գեւորգյանն ասում է. գիտե՞ք, մեծ իմաստով ես այլևս ցանկություն չունեմ և անհրաժեշտություն էլ չեմ տեսնում մեկնաբանել Առողջապահության նախարարի գործելաոճը։ Ո՞վ է նրանից այլևս որևէ էթիկական քայլ կամ վերաբերմունք սպասում»։
Բժիշկը ցավում է, որ Նորքի ինֆեկցիոնի բուժանձնակազմը չի պարգևատրվել, սակայն ավելացնում, որ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ոչ պակաս կարևոր աշխատանք և ներդրում են ունեցել նաև մնացյալ բուժհաստատությունները, որոնք ներգրավված են եղել աշխատանքներում.
«Պարզապես, բարոյական հարթության վրա Առողջապահության նախարարից այլևս ոչինչ չունենք սպասելու։ Ի դեպ, նրա այսօրինակ վարքը բուժաշխատողների տևական լռության արդյունքն է։ Ուրախ եմ, որ, ի վերջո, նրանք իրենց մեջ ուժ գտան ձայն բարձրացնելու, բայց չեմ կարծում, թե դա որևէ լուրջ էֆեկտ կունենա։ Չմոռանանք, որ նույն կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ողջ ընթացքում և՛ Առողջապահության նախարարը, և՛ նրա մերձավոր շրջապատը, և՛ պատգամավորները, և՛ կառավարության աշխատակիցները, և՛ նախարարներն ու փոխնախարարներն իրենց պարգևավճարները ստացել են ու հիմա Արսեն Թորոսյանն այդ խեղճ բժիշկներին նույնիսկ բարոյական գնահատանքի արժանացնելու անհրաժեշտություն չի տեսնում։
Այսքանից հետո միայն մի բան ունեմ ավելացնելու՝ գործող իշխանության գործելաոճն ինքնասիրություն ունեցող մարդկանց գործելաոճ չի։ Արսեն Թորոսյանը հոյակապ հասկանում է, որ ողջ բժշկական միջավայրն իրեն դիմում է այնպես, ինչպես իրեն կնքեց Միքայել Մինասյանը՝ ВОЗ-ի տղա անվանումով և, եթե այսքանից հետո նա դեռ շարունակում է պաշտոնավարել, ի՞նչ ենք մենք սպասում այդ մարդուց կամ իր ղեկավարած գերատեսչությունից»։