Հակակոռուպցիոն դատարանը լինելու է քաղաքական մահակ.օգտագործվելու է ընդդիմության դեմ. Ավետիք Իշխանյան
«Հակակոռուպցիոն դատարանը լինելու է քաղաքական մահակ. օգտագործվելու է ընդդիմության սեփականության վերաբաշխման համար»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության մշակած սահմանադրական օրենքների փաթեթին, որով 2021թ-ի երկրորդ կիսամյակին նախատեսվում է ստեղծել 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան:
Իրավապաշտպանի խոսքով՝ առաջին հերթին կարևոր է հասկանալ, թե դատարանի կազմը ովքեր պիտի համալրեն:
«Կարող եմ ենթադրել, որ կնշանակվեն այնպիսի դատավորներ, որոնց մտքներով երբեք չի անցնի հակադրվել իշխանությանը:
Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման հիմնական մեխը հենց դա է, որովհետև գործող դատարանները կարող էին այդ ուղղությամբ հանգիստ աշխատել, բայց դատավորներից որոշներին գործող իշխանությունը չի վստահում»,-ասաց նա:
Ավետիք Իշխանյանը նաև ասաց, որ չնայած դատավորների մեծ մասն այսօր պատրաստ է հլու-հնազանդ լինել իշխանությանը, բայց որոշ գործերով այդ դատավորներն անգամ չեն կարողանում ցանկալի արդյունք ապահովել:
«Հաճախ այնպիսի քրեական գործեր են պատվերով սարքվում, որ նույնիսկ հրահանգ կատարող դատավորները պատրաստ չեն այդ գործերով վճիռներ կայացնելու և պատահական չէ, որ 2 տարվա ընթացքում բազմաթիվ գործեր, որոնք հարուցվել են ԱԱԾ, ՀՔԾ-ի կամ ՔԿ-ի կողմից, մինչև այսօր վճիռներ չունեն: Դատավորները ընդունում են, բայց ո՛չ համարձակվում են արդարացնել, ո՛չ էլ կարողանում են վճիռ սահմանել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորներն ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, Ավետիք Իշխանյանն ասաց.
«Սա էլ, կարելի է ասել, օրինականցված կոռուպցիա է, խտրական վերաբերմունք այլ դատավորների նկատմամբ. նրանց տրվում է արտոնություն, ինչպես, օրինակ, պարգևավճարները, որ տրվում են՝ հլու-հնազանդ ծառայության համար: Կրկնեմ՝ սա օրինականցված կոռուպցիա է. հակառակ դեպքում՝ բոլոր դատավորների աշխատավարձը պետք է բարձացնեն: Այսպիսով, ասում են՝ սրանք իրենց դատավորներն են՝ դե ֆակտո նույն կարգավիճակով, ինչ ԱԱԾ-ն, ՀՔԾ, ՔԿ-ն»,-եզրափակեց իրավապաշտպանը: