Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը ճարահատյալ էր․ Ալեն Սիմոնյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը ճարահատյալ էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը, որը չստացվեց, որովհետեւ բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին, իր անցած ուղու շնորհիվ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի կողմից իշխանություններին սթափության կոչերին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ ու կարող եմ ասել, որ քաղաքական եւ իրավական հարթակից դուրս շատ նորմալ եմ վերաբերվում իրեն։ Համարում եմ, որ այնուամենայնիվ, ինքն իր վարքագծի մեջ «Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել է, պետք է մնար օրենքի շրջանակներում»։