Առողջապահության նախարարը ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, իր համար «պռադոներ» առնելու պահանջներ ներկայացնելուց
Աչաջրի ծննդաբերական բաժանմունքի պահպանման նպատակով՝ բարերարների ջանքերով հաստատությունը կվերանորոգվի, նոր վիրահատական սեղան և առանձին թթվածնային կայան կլինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը։
«Աչաջրում կան մարդիկ, ովքեր ստանձնել և իրենց վրա են պատասխանատվություն վերցրել վերանորոգել Աչաջրի ծննդաբերական բաժանմունքը։ Նաև ես՝ ամերիկահայ բարերարների հետ եմ խոսել՝ Պերճ Աբգարյանի, Հրանտ Թումասյանի։ Նրանք որոշակի գումար կփոխանցեն վերանորոգման համար»։
Հույս ունեն, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարության հիման վրա, երբ անեն համապատասխան շտկումները, կենտրոնը կգործի։
«Տեսնենք այդ ժամանակ ինչ որոշում կկայացնի։ Չնայած, որ ի սկզբանե կենտրոնը ՊՈԱԿ է, որը շահույթ չի հետապնդում ու պետությունը ինքը պետք է վերանորոգեր, բայց դե, իհարկե, պետությունը չէր անի, որովհետև դրանք ուղղորդվել են Թորոսյանի պարգևավճարներին։ Սա միայն իր կապրիզն է, իր ծրագիրը՝ տապալելու մարզային առողջապահությունը, ամենը կենտրոնացնել Երևանում ու մեծ բժշկական կենտրոններում, որովհետև այդտեղ ֆինանսական հոսը մեծ է և վերահսկել այդ հոսքերը ավելի դժվար է, քան փոքր կենտրոններում։ Որտեղ ավելի բարդ է ֆինանսական հոսքերը վերահսկել, այնտեղ կոպիտ ասած «ատկատները» ավելի հեշտ է վերցնել։ Բացի այդ՝ այդ մարդը մեր ազգը չի սիրում, չես կարող իրեն պարտադրել։ Նա հայաթափ է անում սահմանամերձ գյուղերը։ Դրանից ավելին ինչ կարող եմ ասել մի մարդու մասին, որը չի հասկանում առողջապահությունը ազգային անվտանգություն է։ Նրա համար առողջապահությունը զուտ բիզնես է, ինչի մասին ինքը ֆեյսբուքի էջում ունի գրած»։
Նունե Ներսիսյանը պնդում է, որ այսօր առողջապահական ոլորտը դիտարկվում է միայն որպես բիզնես և չի դիտարկվում որպես ազգային անվտանգության մաս։
«Այսօրվա կառավարության ուշքն ու միտքը հայաթափ անելն է ու հայերին չսիրելը, ուրեմն եթե գլոբալ անդրադառնամ, ապա ուզում են հայաթափ անել ու նվիրել հարևան «կիրթ» պետությանը։ Առողջապահության նախարարը եկել է քանդի, փլուզի ոլորտը, ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, բժշկական կենտրոններից պահանջելու, որ իր համար «պռադոներ» առնեն, բացի իր կնոջ ՄԻԲՍ-ի պետպատվերն ավելացնելուց։ Բիզնես, միայն բիզնես»։
Անդրադառնալով սահմաններում գործող բժշկական կենտրոններին, Նունե Ներսիսյանը հիշեցնում է, որ դրանք լավ վիճակում չեն, որ պետությունն այդ մասին չի մտածում և սահմանների բժշկական կենտրոններում ունենք շատ կոմպետենտ ու լավ պատրաստված բժիշկներ, ովքեր հերոսություն են անում, ովքեր այդ պայմաններում կարողանում են բժշկական օգնություն ցուցաբերել։
«Այսօր կառավարությունը պետք է փող հատկացնի սահմանային ամբուլատորիաները վերազինելու, վերանորոգելու հարցում՝ ինչը տեսնում ենք ճիշտ հակառակն է»։
Իսկ թե ինչու է բժշկական հանրությունը լռում վերջերս տեղի ունեցող առողջապահական նորությունների ֆոնին, Նունե Ներսիսյանը նշեց, որ իր համար էլ է տարօրինակ։
«Ես և գործընկերներս կոչով հանդես ենք եկել բժշկական հանրությանը, բայց ցավում եմ, ինքս էլ բժիշկ եմ, բայց հանրությունում աշխատում են այնպիսի մարդիկ, ովքեր մի տեսակ ավելի ձեռնպահ են եղել, մինչև իրենց գրպանին և անձին չեն կպել։ Շատ եմ ցավում, բայց այդպես է»։