«Այսօր իրականում՝ իշխանությունների թեթև ձեռքով, ՍԴ-ում այլևս ճգնաժամ կա» Իվետա Տոնոյան
Մեկ տարի է` իշխանությունները լծված են Սահմանադրական դատարանը բռնազավթելու և իրենց համար ցանկալի աշխատակազմով համալրելու գործին՝ իշխանահաճո որոշումներ կայացնելու նպատակահարմարությամբ պայմանավորված,- այսօր ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Մեկ տարի շարունակ իշխանությունները իրականում լծված են եղել Սահմանադրական Դատարանը բռնազավթելու և իրենց համար ցանկալի կազմով համալրելու աշխատանքներով՝ իշխանահաճո որոշումներ թերևս կայացնելու նպատակահարմարությամբ պայմանավորված։ Մեկ տարի շարունակ իշխանության ամենաբարձր օղակների կողմից ներկայացվում էր, թե ՍԴ-ում կա ճգնաժամ, ինչը իրականությանը չէր համապատասխանում, ինչի մասին խոսելու բազմաթիվ հնարավորություններ ունեցել ենք, բայց այո այսօր իրականում՝ իշխանությունների թեթև ձեռքով, ՍԴ-ում այլևս ճգնաժամ կա։ Հենց այս գործընթացը՝ երեք քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքը քրեական գործ հարուցելու հետ կապված մերժումը ևս տեղավորվում է իշխանությունների՝ ՍԴ-ի հետ կապված բոլոր հակաօրինական գործողություններում
Նա նշեց, որ մամուլում եղել են հրապարակումներ, թե ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների եռյակային ձևաչափը կենսունակ չէ, և խնդիրներ կան, սակայն որևէ խնդիր չկա և ամենօրյա քննարկումներ են ընթանում: Դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում էր դիմել ՍԴ` հավաքների արգելքի խնդրով, Իվետա Տոնոյանը նշեց, որ ՍԴ դիմելու հետ կապված կան տեխնիկական խնդիրներ, և կսպասեն արտակարգ դրության ժամկետի ավարտին` տեսնելու, թե ինչ սահմանափակումներ են հանվելու, որից հետո կորոշեն իրենց հետագա քայլերը.
«Մտահոգություններ ունենք, որ արտակարգ դրության շարունակականությունը ենթատեքստեր է պարունակում: Այս գործընթացներն օբյեկտիվ կասկածներ են առաջացնում: Արտակարգ դրության հետ միայն հավաքների արգելքի խնդիրը չէ, որ առաջ է գալիս, կան տնտեսական խնդիրներ ևս` մարդկանց չաշխատելու հետ կապված, կան լրջագույն խնդիրներ, որը հանգեցնելու է վատ հետևանքների, որին դեռ անդրադառնալու ենք»: