Սահմանափակումները կարող են կիրառվել առանց արտակարգ դրությունը երկարացնելու. Սիրանուշ Սահակյան
Կարծում եմ, մենք ականատես ենք լինում արտակարգ ռեժիմը սահմանելու և երկարացնելու հայեցողության, չարաշահման հետ։ Վերջերս այս հարցին նաև անդրադարձել են միջազգային կառույցները, որոնք գտնում են, որ ինչ-որ իրավիճակներով պայմանավորված՝ արտակարգ դրության հայտարարումը միգուցե արդարացված է, բայց այն իր ժամանակավոր բնույթը կորցրել է և որոշ ոչ դեմոկրատական նկրտումներով պետություններ փորձում են չարաշել, շահարկել այս ինստիտուտը այլ նպատակներով։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով նախօրեին պարետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե որոշում է կայացվել արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգել։ «Ես կարծում եմ, որ ՀՀ-ն հենց շահարկող պետությունների թվում է»։ Նա ընդգծեց, որ արդեն ամփոփված տեղեկատվություն կա, թե որ երկրներն են գնացել արտակարգ դրություն հայտարարելու ճանապարհով։
«Դրանց թվաքանակը մեծ չէ, ընդունված մոտեցում է եղել, որ համաճարակի դեմ պայքարը հնարավոր է եղել անգամ առանց արտակարգ դրություն հայտարարելու։ Այսինքն, Հայաստանի դեպքում տեսնում ենք, որ գնացել են ավելի խիստ ռեժիմով արտակարգ դրություն հայտարարելու։ Կան երկրներ, որոնք թեև հայտարարել էին արտակարգ դրություն, սակայն չէին կատարել շեղումներ մարդու իրավունքների վերաբերյալ իրենց պարտավորություններից, կային սահմանափակ թվով երկրներ՝ խոսքը 11 պետությունների մասին է, որոնք ոչ միայն հայտարարեցին արտակարգ դրություն, այլ նաև անհամաչափ սահմանափակումներ կիրառեցին մարդու իրավունքների ոլորտում։ Օրինակ, նույն հավաքների սահմանափակում, տնտեսական գործունեության հետ կապված սահմանափակումներ, որոնք շատ տիպական չէին համավարակի դեմ պայքարին, բայց բոլոր դեպքերում՝ այդ սահմանափակումները կիրառվեցին»։ Սահակյանն ընդգծեց, որ վերջին տվյալները ցույց են տալիս, որ այս 11 երկրները, որոնց թվում են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Վրաստանը, Ղըրըզստանը, Մոլդովան, Ռումինիան, Հյուսիսային Մակեդոնիան, այսինքն, երկրներ, որոնք առանձնապես ամրապնդված ժողովրդավարական արժեքներ չունեցող երկրներ են, դրանց մեծամասնությունը հրաժարվեց արտակարգ դրությունը մի քանի անգամ երկարացնելուց։
«Օրինակ, Ալբանիայիում դա տևեց 3 ամիս, էստոնիայում՝ 2-ից քիչ, Վրաստանում՝ 2 ամիս, Ղընղզստանում 1.5, Լատվիան՝ 3, Մոլդովան 2։ Այսինքն, այս երկրները հետագայում վերացրեցին արտակարգ դրությունը և շեղումները։ Հայաստանը մնացել է մենակ կամ հատուկենտ երկրների հետ, որ վերջին ջանասիրությամբ դեռ պահպանում է արտակարգ դրությունը և հատկանշական է, որ միակ միջոցառումը, որ այս պահին պահանջվում է համավարակի դեմ պայքարում՝ դիմակ կրելն է և հաճախ լվացվելը։ Երկու միջոցառում, որ բնական կյանքի պայմաններում պետությունները կարող են կիրառել, մեր պետությունն էլ այդ միջոցառումը մեզ հարկադրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, իսկ մենք գիտենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը բնականոն պայմաններում էլ շատ արարքներ կարող է հարկադրել։ Դրա համար ես որևէ նպատակ չեն տեսնում, իրական նպատակ՝ համավարակով թելադրված, որպեսզի արտակարգ դրությունը երկարաձգվեր, այն սահմանափակումները, որ ներկայումս մնացել և պահպանվում են՝ հանգիստ կարող են կիրառվել բնականոն կյանքում, առանց մարդու իրավունքների պարտավորություններից շեղումներ կատարելու»։
Նա ընդգծեց, որ վստահ կարող է ասել, որ գործընթացն իրավական չէ, քանի որ դրա իրականացման բավարար իրավական հիմքեր չկան, դրա մասին չի խոսում նաև միջազգային պրակտիկան։ «Քաղաքական ենթատեքստ տեսնում եմ, բայց նաև տեսնում եմ հոգեբանական տեքստ, որովհետև վախի մեջ պահված հասարակությունը շատ ավելի հեշտ կառավարելի է և ավելի քիչ պահանջատեր իր իրավունքների առումով, քան ազատ հասարակությունը, ուստի այստեղ կարծում եմ՝ քաղաքականից զատ՝ կա հոգեբանական ճնշման նոր գործիք»։