Ծննդատուն փակող աթեիստ նախարարը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հասավ իր երազանքներից մեկին՝ հուլիսի 31-ից փակվեց Աչաջուր գյուղի մանկաբարձական կենտրոնը, այլ կերպ ասած ծննդատունը, որտեղ աշխատում էին բարձրակարգ մասնագետներ: Այս կենտրոնից օգտվում էին ոչ միայն հինգ հազար բնակչություն ունեցող Աչաջուր գյուղի, այլ Տավուշի մարզի շատ այլ բնակավայրերի բնակիչները:
Մարտնչող աթեիստ Արսեն Թորոսյանը դեռ ամիսներ առաջ էր սկսել ծննդատներ փակելու գործընթացը: Աչաջուրը փորձեց պայքարել, բավական երկար պայքար մղեց, բայց այսօր հաղթում է աթեիստ նախարարը, որն աչքի է ընկնում իր ցինիզմով եւ մեծամիտ պահվածքով:
Աչաջուրն այլեւս մանկաբարձական կենտրոն չունի: Աչաջուրը զրկվում է բարձրակարգ բժիշկ Կարյուն Վարդապետյանից, որը նախօրեին գրել է.
«Սիրելի տավուշցիներ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր 31/07/2020 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի համաձայն կասեցվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավուքը (Աչաջրի ծննդատունը)։ Ելնելով տրված հրամանից, որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ ես այլևս չեմ կարող իրականացնել իմ մասնագիտական գիտելիքները և ունակությունները Աչաջրի Առողջության կենտրոնում։ Այս պահին քննարկվում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ իմ հետագա գործունեության իրականումը ՀՀ այլ տարածաշրջանում գտնվող առաջատար կլինիկաներից մեկում:
Ծննդատան գործունեությունը չկասեցնելու նպատակով ես հնարավորինս պայքարեցի, սակայն ապարդյուն…»:
Աթեիստ, ցինիկ գրառումներով աչքի ընկնող, կորոնավիրուսային համավարակը ձախողած նախարարից այլ բան չէին սպասում: Շատ շուտով Արսեն Թորոսյանը, ինչպես եւ այս կառավարության մյուս անդամները կլինեն այնտեղ, որտեղ նրանց տեղն է: Ամեն ինչ աստիճանաբար կարգի կընկնի, կվերաբացվի նաեւ Աչաջրի մանկաբարձական կենտրոնը, որը գործում էր «նախկին եւ հանցավոր» իշխանությունների կողմից կառուցված շենքում ու հագեցած էր ժամանակակից սարքավորումներով:
Հակոբ Ասատրյան
Top-News.am