Ադրբեջանցի ժողովրդի ձեւավորումը․ Բաքվի նավթը․ Մաս IV
NEWS.am-ը ներկայացնում է հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձեւավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին եւ կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձեւավորումը (թաթարացումից մինչեւ ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Ներկայացնում ենք հոդվածաշարի չորրորդ մասը։
Բաքվի նավթը: Աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական գործոններ
Հետաքրքիր է, որ թյուրքական զանգվածի միավորումը միասնական էթնոազգային համայնքի մեջ միաժամանակ նպաստել եւ խոչընդոտել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բնույթի մի շարք ուժեղ հոսանքների: Այսպիսի կարեւոր բաղադրիչներից է դարձել Բաքվի նավթը։ Ապշերոնի ածխաջրածնային հումքը արմատապես փոխել է տարածաշրջանի ամբողջ աշխարհաքաղաքականությունը, Կովկասը, մանավանդ Արեւելյան Անդրկովկասը, դարձրել հիմնական գլոբալ աշխարհքաղաքական թատերաբեմերից մեկը, որին ավելի ու ավելի է սկսել սեւեռվել գլոբալ խաղացողների ուշադրությունը՝ ի դեմս մեծ տերությունների եւ խոշոր բիզնեսի:
Արտաքին ուժերի ներթափանցումն առնչվում էր տարածաշրջանի եւ այնտեղ ապրող ժողովուրդների կյանքի քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական եւ գործնականում բոլոր ոլորտներին: Այս ամենը, բնականաբար, իր հետքն է թողել նաեւ տարածաշրջանում էթնոքաղաքական գործընթացների վրա:
19-րդ դարի վերջը - 20-րդ դարի սկիզբը դարձավ արդյունաբերության զարգացման բուռն ժամանակաշրջան, որտեղ առաջատար դեր սկսեցին ստանալ էներգակիրները, այդ թվում՝ նավթը: Նա, ով նավթ ունի, նաեւ տիրապետում է շատ ավելի լայն իմաստով ռազմական հզորության, եւ այս մոտեցումն իսկապես դարձավ աշխարհաքաղաքականության հիմնական հրամայականներից մեկը՝ տասնամյակների համար:
Նավթը Բաքվում արդյունահանվում է վաղեմի ժամանակներից, բայց դրա վերափոխումը տնտեսական եւ աշխարհաքաղաքական կարեւորագույն բաղադրիչի սկսվել է հենց 19-րդ դարի երկրորդ կեսից: Մինչեւ 1899 թվականը Բաքուն ապահովում էր նավթի համաշխարհային արտադրության կեսից ավելին եւ առաջին տեղում հայտնվեց՝ հետեւում թողնելով ԱՄՆ-ին, Արգենտինային, Պերուին եւ նավթարդյունահանող երկրներին: 1901 թվականին Բաքվի նավթային շրջանն ապահովում էր համակայսերական նավթի արտադրության 95%-ը (667,1 միլիոն փուդ), իսկ Բաքվի նավթի ամենամեծ սպառողները Ռուսաստանից հետո դրաձան Անգլիան, Օսմանյան կայսրությունը եւ Հունաստանը: Ակնհայտ էր նաեւ Բաքվի նավթի էժանությունը: Մենդելեեւը, օրինակ, նշում էր, որ Կուբանում, Ռուսաստանի այլ մասերում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, նավթի գինը արդյունահանման վայրերում գերազանցում է Բաքվում նավթի գնին՝ եթե ոչ 10, ապա գոնե 5 անգամ:
Նավթային արդյունաբերության զարգացման ֆոնին, հիմնականում միգրացիայի պատճառով, մեծացավ նաեւ քաղաքի բնակչությունը: Եթե 1850-ին Բաքվի եւ ամբողջ Բաքվի շրջանի բնակչությունը 35 հազարից պակաս էր, ապա 1913-ին Բաքվի բնակչությունն իր քաղաքային սահմաններում կազմում էր 214 679, ինչը 1903-ի համեմատ գրեթե 80 000-ով կամ 49, 3%-ով ավելի էր: Ինչպես գրել է այն ժամանակ բոլշեւիկների առաջնորդ Վ. Ի. Լենինը, աննշան քաղաքից Բաքուն դարձավ Ռուսաստանում առաջին կարգի արդյունաբերական կենտրոն:
Արմատապես փոխվեց նաեւ քաղաքի էթնոկրոնական կազմը: Եթե 1850-ին մահմեդականները կազմում էին Բաքվի շրջանի բնակչության ավելի քան 94%-ը, ուղղափառները` 4%-ը, հայերը` 1,6%-ը, ապա 1913-ին Բաքվի բնակչությունը, ըստ ազգությունների, բաժանվեց հետեւյալ կերպ. ռուսներ` 76 222 մարդ (36%), կովկասյան թաթարներ՝ 45 972 (21.3%), հայեր՝ 41 686 (19,5%), պարսիկներ՝ 25 097 (11.8%), հրեաներ՝ 9689 (4,55%), վրացիներ՝ 4077 (1,9%), գերմանացիներ` 3280 (1,5%), Կազանի թաթարներ` 2346 (1,1%), լեհեր՝ 1772 (0,83%), լեզգիներ՝ 1343 (0,49%), Կովկասի այլ ժողովուրդներ` 476 (0,02%), այլ ազգություններ` 2713 (1,27%):
Բաքվի նավթը, այս ռեսուրսի տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակությունը, զուգակցվելով տարածաշրջանի ռազմավարական դիրքի եւ քաղաքի բուռն զարգացման հետ, հիմք դրեցին հզոր սոցիալ-քաղաքական վերափոխումներին՝ ընդհանրապես Անդրկովկասում եւ մասնավորապես նրա արեւելյան մասում: Այստեղ Ռուսաստանի կայսրության այլ շրջաններից եւ տարբեր երկրներից ներթափանցեցին գաղափարներ, ակտիվիստներ եւ քարոզիչներ, որոնք լայն զանգվածների շրջանում քարոզչական աշխատանքներ էին իրականացնում՝ հասարակության գրեթե բոլոր էթնոազգային եւ սոցիալական շերտերում: