Թուրքիան գնում է դեպի քաղաքական եւ ֆինանսական կրախ․ Կառլ Բիլդտ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցնում է հանրային ներկայացումների, ինչպիսին է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելը, որպեսզի ուշադրությունը շեղի իր թուլացող աջակցությունից եւ տնտեսական վատ կառավարումից, կարծում է միջազգային հարաբերությունների հարցերով Եվրոպական խորհրդի համանախագահ, Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը:
Սակայն չնայած Էրդողանի ջանքերին, Թուրքիան թեւակոխում է քաղաքական եւ ֆինանսական ցնցումների սուր փուլ, Project Syndicate-ի համար հոդվածում գրում է Բիլդտը:
Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելով եւ այնտեղ տեսախցիկների առջեւ իսլամական աղոթքներ կազմակերպելով՝ Էրդողանը փորձում է ազդարարել աշխարհիկ սկզբունքների վրա հիմնված Թուրքիայի համար հիմնարար փոփոխությունների մասին եւ ցույց տալ իր քաղաքական ուժն ու «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանությունը:
«Այս պահին ակնհայտ է, որ երկիրը շարժվում է դեպի քաղաքական եւ ֆինանսական կրախ»,- ասել է Բիլդտը՝ վկայակոչելով Էրդողանի կողմից ավելի ազատական թուրքերի ճնշումը, պարտքերով ծանրաբեռնված անկայուն տնտեսությունը եւ նրա հետ 2023թ․ մրցակցելու համար կուսակցություններ ստեղծելու նախկին քաղաքական դաշնակիցների որոշումը։
Ըստ Բիլդտի՝ Թուրքիայի տնտեսությունը գնում է դեպի հնարավոր ճգնաժամ: «Թուրքիայում տնտեսական ճգնաժամ է զարգանում՝ աճող բյուջեի եւ արտաքին դեֆիցիտի պատճառով, որին աջակցում են պետական բանկերից ստացված վարկերի մեծ ծավալները»,- ասել է նա: «Պարտքի բեռը արդեն իսկ մեծ խնդիր էր COVID-19 համավարակից առաջ եւ, անկասկած, կվատթարանա: Վերջերս Կատարից վերցված 15 միլիարդ դոլարի վարկը կօգնի որոշ ժամանակ: Բայց ներկա իրավիճակը չի կարող եւ, հետեւաբար, չի շարունակվի»:
Բիլդտը նշել է, որ Թուրքիայում քաղաքական պառակտումն այժմ անխուսափելի է, եւ միակ հարցն այն է, ինչ ձեւով տեղի կունենա տրանսֆորմացիան: «Սա կարող է նշանակել սահուն անցում դեպի ավելի քիչ կենտրոնացված կառավարման մեխանիզմ եւ վերադարձ դեպի Եվրոպայի հետ հարաբերությունների արդիականացման եւ հավասարեցման ուղի»,- ասել է Բիլդտը: «Բայց հիմա, երբ Էրդողանը գիտի, որ իր ռեժիմի օրերը հաշված են, Թուրքիան կարող է նաեւ գնալ ավելի դրամատիկ եւ տագնապալի սցենարի: Չի կարելի բացառել այն հնարավորությունը, որ Էրդողանը պարզապես հրաժարվի ընդունել ընտրազանգվածի անբարենպաստ դատավճիռը»: