Պետք է շնորհակալություն հայտնել Ադրբեջանին՝ Մեծամորի կայանի հետ կապված պլանների «բացահայտման» համար․ Ստեփանակերտ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը հայկական ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու հնարավորության մասին, աղաղակող մարտահրավեր է միջազգային հանրությանը եւ քաղաքակիրթ աշխարհին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Դեռ ոչ մի պետության ոչ մի ներկայացուցիչ հրապարակավ չի հայտարարել ատոմակայանի վրա հարձակման հնարավորության մասին: Աշխարհում նման նախադեպ չի եղել: Դրա մասին կարող են հայտարարել ահաբեկիչները, մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ, բայց՝ ոչ պետության պաշտոնական ներկայացուցիչը», - շեշտեց Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա՝ հայտարարությունը խոսում է հետեւյալի մասին. մենք շատ վտանգավոր ահաբեկչական հակառակորդ ունենք՝ ի դեմս Ադրբեջանի, որը կանգ չի առնի ոչ մի բանի առջեւ: «Բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց «բացահայտումների» համար, իրականությանը վերադարձնելու համար, հիշեցման համար՝ անվտանգությունը պետության կայացման ամենակարեւոր բաղադրիչն է»,- հավելեց նախագահի խորհրդականը:
Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգներում որոշվում է Ադրբեջանին օգնություն ցույց տալու հարցը. «Իհարկե, որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել նման հայտարարությունները եւ մտադրությունները»:
«Մարդիկ, ովքեր սպառնացել են քաղաքացիական ինքնաթիռներ խոցել․ ի՞նչ կարելի է նրանցից սպասել։ Պետություն, որը հերոսացնում է մարդասպաններին եւ ահաբեկիչներին. ի՞նչ սպասել դրանից: Երկրի ղեկավարը, ով անձամբ պարգեւներ է շնորհում քնած մարդու լկտի մարդասպանին, տարեցների մարդասպաններին եւ սպանված ծերերի մարմինները ծաղրի ենթարկածներին․ ի՞նչ կարելի է սպասել նրանից», - եզրափակեց Բաբայանը: