Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ սահմանի հատումն արգելելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման պահանջները, թե, իբր, ոստիկանության ծառայողները թույլ չտալով Արմեն Գեւորգյանին մեկնել Հայաստանից գործել են առանձին ենթաօրենսդրական ակտով սահմանված իրենց պաշտոնեական լիազորությունների սահմաններում, մինչդեռ, ըստ փաստաբանի,
ենթաօրենսդրական ակտի վրա հղում կատարելով չի կարող սահմանափակվել անձի ազատ տեղաշարժվելու, արտերկիր մեկնելու իրավունքը։ Բացի այդ, պաշտպանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն անտեսել և քննության առարկա չի դարձրել նյութերում առկա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ քրեական գործով գրությունը, համաձայն որի՝ դատարանն առանց անձի խափանման միջոցի վերացման թույլատրել էր վերջինիս լքել ՀՀ սահմանը և մեկնել Վրաստանի Հանրապետություն, որն առանց որևէ խոչընդոտի ի կատար է ածվել ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի կողմից:
Պաշտպանը հարկ է համարել նշել, որ խափանման միջոցի կիրառմամբ պայմանավորված հսկողություն վերացնելու, կամ վերահսկողություն սահմանելու, վերահսկողությունը հանելու /դադարեցնելու/ կամ ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ գրառումներն, որոնք առկա են
ՀՀ ոստիկանության կողմից պաշտպանին տրված պատասխաններում, ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշմամբ չի բացահայտվում, հետևաբար՝ սահմանափակումները մուտքագրելու կամ հանելու գործընթացում տերմիններ օգտագործելիս պետք է օգտվել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտից՝ տվյալ դեպքում ՀՀ քրեադատավարական օրենքից:
«Այլ կերպ ասած՝ նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության վերը նշված որոշումը որպես ենթաօրենսդրական ակտ ավելի նվազ իրավաբանական ուժ ունեցող ակտ է, քան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որը հիշեցնեմ նույն հարաբերության վերաբերյալ սահմանում է, որ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը կարող են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը անգամ չվերացված կամ փոփոխված խափանման միջոցի պայմաններում, հետևաբար պետք է գործի (կիրառվի) նշված օրենքի դրույթները, այլ ոչ թե ՀՀ կառավարության որոշումը:
Ուստի վերոգրյալ պայմաններում ՀՀ ոստիկանությունը ուղղակի պարտավոր էր Արմեն Գևորգյանին ժամանակավորապես արտերկիր մեկնելը թույլատրելու վերաբերյալ տեղեկատվությունն ժամանակին և անհրաժեշտ ծավալով մուտքագրեր ՍԷԿՏ համակարգ, ինչը չի արել, հանգեցնելով Ա.Գևորգյանի ազատ տեղաշարժման իրավունքի չհիմնավորված և օրենքից չբխող սահմանափակման»,- նշել է պաշտպանը։