«Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելը դեպի հզոր Թուրքիան ուղղված քայլ է, իսկ մնացած երկրների կարծիքը նշանակություն չունի». Էրդողան
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելը դեպի հզոր Թուրքիան ուղղված քայլ է, իսկ մնացած երկրների կարծիքը նշանակություն չունի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք Այա Սոֆիայի (Սուրբ Սոֆիա-խմբ.) կարգավիճակը փոխելու որոշում ենք կայացրել՝ հիմնվելով ժողովրդի կարծիքի վրա, այլ ոչ թե մտածել, թե ինչ կխոսեն ուրիշները մեր մասին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) ուրբաթ օրը չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453թ․ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: