Ճապոնացին կանանց հետ ծանոթանալու նպատակով ավելի քան 1000 մեքենայի անվադող է ծակել, այնուհետև մոտեցել կանանց և օգնություն առաջարկել
Ճապոնիայում տղամարդը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթանալու համար տարիների ընթացքում ավելի քան 1000 մեքենայի անվադող է միտումնավոր ծակել, այնուհետև մոտեցել կանանց՝ օգնություն առաջարկելու նպատակով, գրում է odditycentral.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ օրերս 43-ամյա մի կին Հիգաշիուրա շրջանի սուպերմարկետներից մեկից դուրս գալուց և մեքենայով ճանապարհ ընկնելուց կարճ ժամանակ անց հասկացել է, որ անվադողի հետ խնդիր կա։ Այդ պահին նրան մոտեցել և «մեծահոգաբար» օգնություն է առաջարկել Յոշիտո Հարադա անունով մի տղամարդ։ Առաջին հայացքից սովորական թվացող այս տեսարանը կնոջ համար բավական ծանոթ է եղել, քանի որ նման իրավիճակում նա նաև նախորդ տարի էր հայտնվել։
Որոշ ժամանակ անց կինը ոստիկանություն է դիմել, որն էլ սուպերմարկետի առջև եղած տեսախցիկներով պարզել է, որ տղամարդը միտումնավոր է ծակել անվադողը, որպեսզի հետո ծանոթանա կնոջ հետ։
Ավելի ուշ այս դեպքը մեծ «հայտնիություն» է ձեռք բերել համացանցում և տասնյակ կանայք միաժամանակ ոստիկանություն են դիմել՝ նշելով, որ ճանաչում են տղամարդուն և 2013 թվականից ի վեր նման դեպքեր իրենց հետ նույնպես տեղի են ունեցել։
Տղամարդու փաստաբանի խոսքով՝ նա տարիների ընթացքում առնվազն 1000 անվադող է ծակել։ Տղամարդը ընդունել է մեղքը միանգամից՝ նշելով, որ միակ նպատակը կանանց հետ ծանոթանալն է եղել։ Նշենք, որ այդքան փորձերից որևէ մեկը Հարադայի համար ցանկալի արդյունքով չի ավարտվել։