ԱՄՆ-ում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ հակամարմնային դեղամիջոցի փորձարկումների 3-րդ փուլը
ԱՄՆ-ում սկսվել է կորոնավիրուսի հակամարմինների հիման վրա համակցված դեղամիջոցի (REGN-COV2) փորձարկումների երրորդ՝ վերջին փուլը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով դեղամիջոցի մշակմամբ զբաղվող Regeneron ընկերությանը:
Փորձարկումների երրորդ փուլի շրջանակներում կգնահատվի դեղամիջոցի օգտակարությունը վարակակիրների հետ սերտ շփում ունեցած չվարակված մարդկանց շրջանում վիրուսի տարածման կանխարգելման գործում:
Կանխարգելման գիտափորձերն անցկացվելու են 100 տարբեր վայրերում և ընդգրկելու են 2000 հիվանդների:
Փորձարկման երկրորդ փուլի շրջանակներում դիտարկվել է դեղամիջոցի արդյունավետությունը հոսպիտալացված և ոչ հոսպիտալացված հիվանդների բուժման հարցում: Դեղամիջոցի փորձարկումն իրականացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների և ալերգիայի ազգային ինստիտուտի հետ համատեղ: