Բրազիլիայում դատարանը չեղարկել է նախագահ Ժաիր Բոլսոնարուին դիմակ դնել պարտադրող որոշումը
Բրազիլիայի դաշնային շրջանային դատարանը չեղարկել է նախկին դատական կարգադրությունը, ըստ որի՝ նախագահ Ժաիր Բոլսոնարուն հանրային վայրերում պետք է բժշկական դիմակ կրի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ դատարանը Բոլսոնարուին պարտավորեցրել էր Բրազիլիա դաշնային շրջանի բոլոր հանրային վայրերում դիմակ կրել։ Այս միջոցառմանը չհետևելու դեպքում նրան օրական մոտ 387 ԱՄՆ դոլարի չափով տուգանք էր սպառնում։
«Դաշնային շրջանի բնակիչներին դիմակ դնել պարտավորեցնող հրամանն արդեն գործում է, այդ պատճառով արդարադատության կողմից նոր սահմանափակումներ չպետք է սահմանվեին»,- հայտարարել է դատավորը։
Բրազիլայի նախագահը մեկ անգամ չէ իրեն աջակցող ցույցերի և հավաքների ժամանակ փողոց դուրս եկել առանց դիմակի և ձեռնոցների։ Բոլսոնարուն ակտիվորեն քննադատում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար գործող սահմանափակումները, ըստ նրա՝ միայն ռիսկային գոտում գտնվող և 60 տարեկանից բարձր քաղաքացիները պետք է տանը մնան։
Հիշեցնենք, որ մարտին Բոլսոնարուն հայտարարել էր, որ որևէ կորոնավիրուս չի կարող կոտրել իրեն և ԱՀԿ համավարակի մասին հայտարարություններին ի պատասխան՝ կորոնավիրուսը «ոչ մեծ գրիպ» էր որակել։ Նշենք, որ համավարակի մի քանի ամիսների ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների շուրջ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին պաշտոնից հեռացվել է առողջապահության երկու նախարար։
Վերջին տեղեկություններով՝ Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1 408 485 դեպք, որից 59 656-ը՝ մահվան եlքով։ Հիվանդությունից ապաքինվել է 790 040 մարդ։