Շաքարախտը կարելի է կանխատեսել դեռ մանկության տարիներին
Այս թեմայով
Այն, որ մարդու մոտ կզարգանա 2-րդ տիպի շաքարախտ, կարելի է հասկանալ նույնիսկ մանկության տարիներին, ասում են Բրիստոլի համալսարանի գիտնականները: Ինչպես նշում է ТАСС-ը, առաջարկվում է վերլուծել երեխայի նյութափոխանակության ցուցիչները: Կատարվել է տարբեր տարիքի մոտ 4000 երեխաների և երիտասարդների արյան նմուշների ուսումնասիրություն: Արյան առաջին նմուշառումը տեղի է ունեցել 90-ականներին (այն ժամանակ, երբ նրանք 8, 16, 18 և 25 տարեկան են եղել, և շաքարախտի նշաններ չեն եղել), իսկ վերջինը՝ վերջերս:
Գնահատման եզակի տեխնիկայի շնորհիվ հնարավոր է կանխատեսել 2-րդ տիպի շաքարախտի զարգացումը առաջին ախտանշանների առաջացումից մի քանի տասնամյակ առաջ: Նյութափոխանակության պրոֆիլը պետք է ցույց տա մարմնի անհատական ընկալունակությունը պաթոլոգիական գործընթացներին, շաքարի և ինսուլինի բարձրանալուն: Ստացված տեղեկատվության հիման վրա հնարավոր է փոխել ապրելակերպը մանկության շրջանում՝ դրանով իսկ հետագայում նվազեցնելով շաքարախտի ռիսկը:
Ըստ վիճակագրության՝ աշխարհում կա ավելի քան 420 միլիոն շաքարախտով հիվանդ: Շաքարախտը մահվան յոթերորդ ամենատարածված պատճառն է: Շաքարախտով հիվանդների 90% -ի մոտ ախտորոշվում է 2-րդ տիպի շաքարախտ: Եվ բժիշկների կարծիքով՝ հիվանդությունը գնալով երիտասարդանում է՝ ազդելով երիտասարդների տարիքային խմբերի վրա: Ավելին, յուրաքանչյուր երկրորդ շաքարախտով հիվանդը չգիտի իր հիվանդության մասին: