«Պուտինն ինձ տարավ մութ սենյակ և ...». Սաակաշվիլին պատմել է 2006 թվականին Պուտինի հետ հանդիպման մասին
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում հիշել է 2006 թվականին Մինսկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած իր հանդիպման մասին` նշելով, որ Պուտինն «իրեն մութ սենյակ էր տարել և եղունգները խրել իր ծնկի մեջ»:
Հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահը խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սխալների և ձեռքբերումների, Վլադիմիր Պուտինի հետ իր 5-ժամյա խոսակցության, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա` նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորության, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատմած ստերի, ամենավառ համաշխարհային առաջնորդների, Կիևում իր տան, ինչպես նաև այն մասին, թե ինչու վրացիներն իրեն չգնահատեցին:
«Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Պուտինն ինձ տարավ առանձին մի մութ սենյակ և եղունգները խրեց ծունկս: Խոսակցությունը դեմ առ դեմ էր, նա սպառնաց պատերազմով: Ինչպես հետո տեսանք` նա չէր կատակում»,-ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004-2013 թվականներին: Այս տարվա մայիսին նա նշանակվել է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում: