Հունաստանում թանգարանները բացվում են երեք ամիս տեւած կարանտինից հետո, իսկ Փաշինյանը նեղվում է, որ մարդիկ Հաղարծին են գնում
Բոլոր մշակութային հաստատությունները փակվել էին մարտի 13-ին: Մեկ ամիս առաջ սկսեցին աշխատել հնագիտական հուշարձանները, այդ թվում՝ Ակրոպոլիսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թանգարանների բացման օրը վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մշակույթի եւ սպորտի նախարար Լինա Մենդոնիի հետ միասին կայցելի Հին Աթենքի Ագորայի հնագիտական տեղանք եւ թանգարան: «Փակ թանգարաններով երեք ամիսը երկար ժամանակ է: Դրանք բացվում են երկուշաբթի, հունիսի՝ 15-ին, եւ սպասում են բոլորիս: Սա երկրի մշակութային ենթակառուցվածքի վերագործարկման երկրորդ կարեւոր քայլն է: Դրան նախորդել էր հնագիտական հուշարձանների բացումը, որոնք օրինակելի էին COVID-19-ից աշխատակիցների եւ այցելուների առավելագույն պաշտպանության ապահովման առումով»,- հայտարարել է մշակույթի նախարարն առաջիկա իրադարձության հետ կապված:
Բոլոր թանգարաններից պահանջվում է կատարել աշխատողների եւ այցելուների անվտանգության եւ առողջության պահպանման արձանագրությունները: Այցելուները պետք է 1.5 մ հեռավորություն պահպանեն, իսկ փակ տարածքներում՝ 2 մետր, պաշտպանիչ դիմակներ կրեն: Թանգարանի տարածքում գործող սրճարաններն ու ռեստորանները կաշխատեն սննդի վերաբերյալ ցուցումների համաձայն, յուրաքանչյուր օգտագործումից առաջ սեղաններն ու աթոռները կախտահանվեն: Խանութների աշխատանքը կարգավորվում է առեւտրային տարածքների համար սահմանված ցուցումներով:
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակող միջոցառումների մեղմացման նոր փուլը գործունեության եւ ծառայությունների մի շարք տեսակների վերսկսում է ենթադրում հունիսի 15-ից: Մասնավորապես, կսկսեն գործել մասնագիտական վերականգնողական եւ աջակցության ծառայությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար, կբացվեն մարզադահլիճները եւ ֆիթնես կենտրոնները, զվարճանքի այգիներն եւ թեմատիկ պարկերը, կսկսեն գործել Աթենքի եւ Սալոնիկի օդանավակայանները, որոնք թռիչքներ կիրականացնեն մի շարք երկրներից, որտեղ համաճարակաբանական իրավիճակն արդեն բարելավվել է: Կբացվեն նաեւ սեզոնային հյուրանոցները:
Իսկ Նիկոլ Փաշինյանը նեղվում է, որ Հայաստանում մարդիկ Հաղարծին են գնում: