Հայաստանում իրավիճակն ավելի սարսափելի է, քան Իտալիայում կորոնավիրուսային պիկի օրերին
Ըստ պաշտոնական տեղեկությունների, վերջին օրերին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766, 547, 596, 697, 515, 517 եւ 210 նոր դեպք: Սա ոչ թե մտահոգիչ պատկեր է, այլ սարսափելի, աղետալի: Սա շատ ավելի ծանր պատկեր է, քան Իտալիայում կորոնավիրուսային համաճարակի պիկի օրերին:
Ավելի լավ հասկանալու համար պատկերը տեղեկացնենք, որ այս տարվա մարտի 23-29-ը ընկած ժամանակահատվածում Իտալիայում վարակակիրների թիվն ամեն օր ավելացել է 3780, 3612, 3491, 4442, 4451, 3651, 3815 մարդով:
Ընդգծենք, որ Իտալիայում ապրում է երեսուն անգամ ավելի շատ մարդ, քան Հայաստանում: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ պիկի օրերին Իտալիայում ամեն օր հազար բնակչի հաշվով շատ ավելի քիչ մարդ է վարակվել քան Հայաստանում: Այսպես, եթե Իտալիայում ապրեր այնքան մարդ, որքան Հայաստանում, ապա պիկի օրերին այնտեղ նոր դեպքերի թիվը կավելանար, միջին հաշվով, 129-ով:
Հիմա մի կողմի վրա դրեք 129, իսկ մյուսի վրա 766 թվերը կամ թեկուզ 210-ը: Վերջին յոթ օրում Հայաստանում, միջին հաշվով, ամեն օր վարակակիրների թիվը ավելացել է 550-ով: Այսպիսով, մեզ մոտ իրավիճակը 4,3 անգամ ավելի ծանր է, քան Իտալիայում պիկի շրջանում:
Պատկերն էլ ավելի պարզ ներկայացնելու համար եւս մեկ համեմատություն: Եթե Իտալիայում կորոնավիրուսային պիկի օրերին իրավիճակը լիներ այնպես, ինչպես այսօր Հայաստանում է, ապա ամեն օր միջին հաշվով կվարակվեր ոչ թե 3800, այլ 16 500 մարդ:
Հիմա պատկերացրեք, թե ինչ կանեին իտալացիներն իրենց կառավարության հետ, եթե իրավիճակն այդպիսին լիներ:
Հայաստանում հիմա իրավիճակն այնպիսին է, որ եթե ապրեր այնքան մարդ, որքան Իտալիայում, ապա այսօր վարակված կլիներ ոչ թե 766, այլ 22 հազար 980 մարդ: Իսկ Իտալիայում առավելագույն վարակվածների թիվը մեկ օրում հասել է 4 հազար 500:
Դե հիմա հասկացեք ինչ պատկեր է Հայաստանում: Միայն ժողովրդին մի մեղադրեք: Ժողովուրդը մեղավորություն չունի, որ սուպերմարկետները բաց էին եւ մարդիկ էլ իրար վրա բարձրացած առեւտուր էին անում:
Top-News.am