Գերմանացի զբոսաշրջիկներին տուգանել են և վտարել քաղաքից (տեսանյութ)
Իտալիայի Վենետիկ քաղաքի Մեծ ջրանցքում լողալու համար քաղաքային ոստիկանությունը երկու գերմանացի զբոսաշրջիկի է տուգանել ու վտարել քաղաքից, հայտնում է CNN լրատվականը։
«Երկու տղամարդ շորերը հանել ու թողել են Ռիալտո կամրջի մոտ, այնուհետև թռել են ջրի մեջ ու լողալով անցել Մեծ ջրանցքը։ Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է 350 եվրոյի չափով, երկուսն էլ ստիպված են եղել լքել քաղաքը»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Նշվում է, որ այս տուգանքը ջրանցքներում լողալու համար նախատեսված ստանդարտ պատիժ է, որը որևէ կերպ կորոնավիրուսային սահմանափակումների հետ կապ չունի։
Հայտնի է, որ Վենետիկից զբոսաշրջիկներին վտարել են դրույթի համաձայն, ըստ որի՝ իշխանություններն իրավասու են հասարակական կարգը պահելու համար մարդկանց քաղաքից վտարել։