«Կա՛մ ԱՀԿ-ն աշխատում է առանց գաղափարական կողմնակալության, կա՛մ մենք նույնպես հեռանում ենք». Բրազիլիայի նախագահ
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն սպառնացել է դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, գրում է ABC-ն։
«Ես հենց հիմա հայտարարում եմ՝ Միացյալ Նահանգները լքել է ԱՀԿ-ն, և մենք նույնպես ապագայում դիտարկում ենք այդ հնարավորությունը։ Կա՛մ ԱՀԿ-ն աշխատում է առանց գաղափարական կողմնակալության, կա՛մ մենք նույնպես հեռանում ենք։ Մեզ պետք չէ, որ դրսից մարդիկ մատնանշեն՝ ինչ անել մեր առողջապահության ոլորտում»,– ընդգծել է Բոլսոնարուն։
Բրազիլացի առաջնորդի հայտարարությունը հետևել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարգարետ Հարիսի խոսքերին, որը նախազգուշացրել էր, որ չի կարելի հապճեպ թուլացնել համավարակի ֆոնին հայտարարված սահմանափակումները։
«Համավարակը, հիվանդության բռնկումը Լատինական Ամերիկայում խորը, խորը անհանգստություն է առաջացնում»,-նշել էր Հարիսը:
Բոլսոնարուն կարծում է, որ COVID-19-ն ավելի վտանգավոր չէ, քան սովորական գրիպը, և դեմ է երկրում կարանտինային միջոցների սահմանամանը։ ԱՄՆ նախագահի հետ գաղափարների նմանության պատճառով նրան հաճախ անվանում են «արևադարձային Թրամփ»։
Վերջին տվյալներով՝ Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 646 006 դեպք, որոնցից 35 047-ը՝ մահվան ելքով։ Երկիրը վարակվածների թվով երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո։