Լուսանկարներ ես հրապարակում, որ ի՞նչ անես
Նիկոլ Փաշինյանը, որն արդեն երկու տարի զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի դադարում զարմացնել ՀՀ քաղաքացիներին: Կորոնավիրուսով վարակվելուց հետո նա ոչ միայն շարունակում է ապրել եւ աշխատել այնպես, ինչպես մինչ վարակվելը, այլ նաեւ իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակում, առկա սարսափելի վիճակի համար մեղադրելով հենց քաղաքացիներին:
Փաստորեն աշխատելու կամ բուժվելու, երկիրը ճգնաժամից հանելու կամ արագ ապաքինվելու համար ջանքեր գործադրելու փոխարեն Փաշինյանը զբաղված է իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ եւ տեսանյութեր գրելով, չմոռանալով մակագրություններ անել:
Ամենատարօրինակն այն է, որ Փաշինյանն իրեն պահում է դեղին մամուլում աշխատող սկսնակ լրագրողի նման: Նա մոռացել է կամ մինչեւ հիմա չի գիտակցում, որ առկա իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն եւ մեղավորը հենց ինքն է: Մինչեւ հիմա նա չի ընդունում եւ չի հասկանում, որ կառավարության եւ պարետատան քայլերից են կախված, թե որքանով մարդիկ կպահպանեն անվտանգության կանոնները:
Լուսանկար է հրապարակում, որտեղ ֆաբրիկայի աշխատողները խցկվում են ՊԱԶ-իկի մեջ, չհասկանալով, որ այդ կանայք չեն մեղավոր, որ տուն հասնելու համար ստիպված են այդպես վարվել: Երեւանցիները չեն մեղավոր, որ ավտոբուսում միմյանց կողքի են կանգնում, որ աշխատանքի կամ տուն հասնեն:
Փաշինյանը չի գիտակցում, որ երեխաները, այո, պետք է դուրս գան բակ եւ խաղան եւ մաքուր օդ շնչեն, եւ ոչ թե դիմակներ կրեն եւ տանը նստեն: մի՞թե դեռ չեք ուսումնասիրել եւ հասկացել, որ անգամ իրեն ամենաստերիլ պայմաններում պահող մարդիկ են վարակվում, որոնք եթե տանից դուրս են եկել, ապա միայն դիմակներով եւ ձեռնոցներով:
Չի կարելի ծնողներին վիրավորել երեխաների համար տոն կազմակերպելու համար: Երեխաները խաղում են բակերում, եւ խաղալու են, եւ որեւէ մեկը չի կարող նրանցից այդ իրավունքը խլել:
Եւ մի՞թե Փաշինյանն իր կողքին չունի մի խելքը գլխին խորհրդական, որ նրան հուշի, թե ինչ վատ է, երբ մարդկանց փոքրիկ ուրախությունը պատկերող տեսանյութը տեղադրում է իր էջում եւ հասցնում ամոթանք տալ:
Վերջապես «Հայփոստի» մուտքի մոտ հավաքված կենսաթոշակառուների մասին: Մի՞թե կառավարությունը չէ մեղավոր, որ տարեց մարդկանց այս օրերին հասցնում են այդ վիճակին: Մի՞թե հնարավոր չէ այնպիսի մեխանիզմ մշակել, որ նման կուտակումներ չլինեն:
Իսկ տեսել եք ինչ է կատարվում բանկերի մուտքերի մոտ: Իբր անվտանգությունից ելնելով մարդկանց ներդ չեն թողնում, իսկ նրանք, ովքեր վարկ են մարում կամ ուզում են վարկ վերցնել իրեր կողք կանգնում են արեւի ճառագայթների տակ:
Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը չի հրապարակում իր լուսանկարներն արցախյան խնջույքից, չի հրապարակում դուստրերի եւ կնոջ լուսանկարները, որոնք անգամ տեստ հանձնելուց հետո հանրային վայրերում հանգիստ են անցկացնում:
Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն եւ մեղավորը փորձում է մեղքը բարդել ժողովրդի վրա: Հավատացեք, այսպես շարունակվել այլեւս չի կարող: Լրջանալ է պետք, հակառակ դեպքում իրավիճակը ավելի է վատթարանալու: Չի կարելի մարդկանց խաբել, ասելով, թե լուծումը ձեռնոց եւ դիմակ կրելու մեջ է, չի կարելի պատասխանատությունը բարդել նրանց վրա:
Վարդան Մխիթարյան
Top-News.am