Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է Նյու Յորքի քաղաքապետի դուստրը
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանները ձերբակալել են Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի դստերը, գրում է New York Post-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա Կյարա դե Բլազիոն Մանհեթենում ձերբակալվել է շաբաթ երեկոյան։ Նա մյուս ցուցարարների հետ արգելափակել է երթևեկությունը երկու փողոցների խաչմերուկում և ձերբակալվել, երբ ցուցարարներն անտեսել են ճանապարհը բացելու ոստիկանության պահանջը:
«Դա իսկական թեժ կետ էր, այնտեղ մարդիկ ոստիկանական մեքենաներ էին այրում, տարբեր իրեր նետում ու բղավում, բախում էր տեղի ունենում նրանց և ոստիկանության միջև։ Այդ ժամանակ այդ շրջանում հազարավոր մարդիկ կային»,- հայտնել է թերթի աղբյուրը։
Պարբերականը նշում է, որ ձերբակալության ժամանակ աղջիկը չի ասել, որ քաղաքապետի դուստրն է։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացյած երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։