Քաղաքական տհասության (ինֆանտիլիզմի) սիմպտոմներից
1. Երբ բերվող փաստերին անձը հակադարձում է ոչ թե ավելի հիմնավոր փաստարկներով, այլ էմոցիոնալ մրրիկով (հայհոյանք, զայրույթ, բռունցքներ և այլն): Այսինքն, ինտելեկտուալ-իմացական ոլորտի դեֆիցիտը կոմպենսացվում է աֆեկտիվ բաղադրիչներով և ագրեսիվ վարքով:
2. Երբ անձին ուղղված նպատակադիր վիրավորանքին հակազդում են ոչ թե հումորով, դիմացինին (վիրավորողին) զինաթափող ինտելեկտուալ ակնարկներով, սուր և ադեքվատ աֆորիզմներով, պատկերավոր համեմատություններով և այլն, այլ նույն (կամ ավելի նսեմ որակի) վիրավորանքով: Երբ քաղաքական անհատի մոտ պրոտոպաթիկ (ստորակարգ) հույզերը գերակշռում են էպիկրիտիկ (բարձրակարգ) զգացմունքների նկատմամբ (ըստ նյարդաբան Միխայիլ Աստվածատուրովի):
3. Երբ անձի հետ համակարծիք չլինելը, կամ նրանից տարբեր մտածելը ընկալվում (գնահատվում ) է իբրև անձնական վիրավորանք: Բնորոշ է սակավամիտներին, պարզունակ անձանց, ինչպես նաև տոտալիտար ոճի մտածողություն կրող անհատներին: Առաջին հայացքից թվում է, թե սա եսակենտրոն (էգոցենտրիկ) աշխարհընկալման արդյունք է, իրականում ամբոխային գիտակցության մեջ ,,տարալուծված,, լինելու և սեփական դիմագիծ չունենալու արտահայտություն է (ըստ փիլիսոփա և սոցիալ-քննադատ Էրիխ Ֆրոմի):
4. Փսևդոլոգիա (սուտասանություն) - ֆանտաստիկա կամ միֆոմանիա (ըստ հոգեբույժներ Դյուպրեի և Դելբրյուքի), երբ երևույթները և հարաբերությունները խորապես ըմբռնելու, հասկանալու կարողության պակասը լրացվում (կոմպենսացվում) է մակերեսային (երբեմն տպավորիչ)
մտավարժանքով, շինծու պլաններով և պատմություններով:
5. Արտաքին աշխարհից մեկուսացվելու (ստիպողական շրջափակման) կամ անելանելի թվացող իրավիճակներում ի հայտ են գալիս գիտակցության ծավալի, մտածողության և վարքի բնորոշ փոփոխություններ - պուերիլիզմի (մանկականության) և փսևդոդեմեցիայի (կեղծ թուլամտության) հատկանիշներով : Կոնկրետ հարցերին տալիս են ,,մոտավոր,, պատասխաններ (օրինակ, 5+8 մոտավորապես հավասար է 10-ի), հասուն մարդիկ սկսում են ավտո-ավտո խաղալ, կանայք - տիկնիկին կերակրել, իրար քաշքշում են ինչ-որ խաղալիքի կամ գրչի համար, իրենցից ուժեղ մարդկանց դիմում են ,,ձյաձյա,, կամ ,,ծյոծյա,, ասելով, այլևս կենսական-կարևոր հարցերով չեն հետաքրքրվում, այլ, բացառապես երկրորդական, անկարևոր բաներով (այս երևույթը նկարագրել է հոգեբույժ Գանզերը): Մեկուսացումից դուրս գալուց կամ արտաքին սպառնալիքի վերացումից հետո, այս երևույթները ինքնաբերաբար վերանում են:
6. Եվ այլն:
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից