Պարոն Հովակիմյան, դա աղետ է Ձեզ համար. Պետք է ամեն ինչ անենք, որ դուք հանրային պաշտոնյա չլինեք. Սամսոնյան (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայասան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կարծում է՝ պատգամավոր «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը պետք է ներողություն խնդրի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոնից այն բանի համար, որ հայտարարել է, որ վերջինս 2009թ․ թանկարժեք նվեր է ստացել Սերժ Սարգսյանից։
«Եթե դուք սա ասել եք՝ չհասկանալով, որ եվրոպացի պաշտոնյային մեղադրել եք կոռուպցիայի մեջ, որովհետեւ պաշտոնյայի կողմից շատ թանկարժեք նվեր ստանալը կոռուպցիայի դասական տեսակներից է, ապա դա աղետ է ձեզ համար։ Եթե դուք գիտեիք, որ սա կոռուպցիայի դասական տեսակներից է եւ միտումնավոր պաշտոնյային մեղադրել եք կոռուպցիայի մեջ, ապա կարծում եմ՝ դա զրպարտություն է, դուք պիտի ներողություն խնդրեք դրա համար Ջիանի Բուքիքիոնից»,- այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ ամբոնից ասաց Սամսոնյանը՝ նշելով, որ այն հանգամանքը, որ Հովակիմյանը պնդում է, թե իր խոսքերը խեղաթյուրվել են, մանիպուլիացիա է։
Անի Սամսոնյանի խոսքով՝ Հովակիմյանի այս հայտարարությունը ազդել է Հայաստանի վարկանիշի վրա, քանի որ եթե քրգործ չի հարուցվել նմանատիպ՝ նվերի փաստով, ապա Հովակիմյանը զրպարտել է պաշտոնյային։
«Քանի որ մենք վստահ ենք, որ դուք այդպիսին մնալու եք, ամեն ինչ պիտի անենք, որ դուք այլեւս հանրային պաշտոնյա չլինեք, որովհետեւ դուք որպես պաշտոնյա վտանգավոր եք իրավական պետության համար»- նշեց նա։