«Ռեյդերային» հարձակումներով կորոնավիրուսի դեմ չես պայքարի
Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարություն է արել, որը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Ավելին, նա այդ հայտարարությամբ փորձ է անում ՀՀ քաղաքացիներին գցել թյուրիմացության մեջ: Ցավոք, առողջապահության նախարարը չշտապեց սրբագրել Փաշինյանի հայտարարությունը:
Վերջին օրերին, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանում մեկ օրում միջին հաշվով հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված 370 մարդ: Սա ոչ թե շատ է, այլ շատ-շատ: Սա աննորմալ մեծ թիվ է, որը բացատրության կարիք է զգում:
Համակարգի, իրենց ձախողումն արդարացնելու համար Փաշինյանը վերցրեց եւ ի լուր աշխարհը հայտարարեց, թե գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ, այն դեպքում, երբ նման ալիք չկա, այլ միայն որոշ մասնագետների կանխատեսումներ, թե հոկտեմբերին Եվրոպայում կամ ԱՄՆ-ում կարող է երկրորդ ալիք սկսվել:
Այսպիսով, հերթական անգամ Նիկոլ Փաշինյանն առանց մասնագետների հետ խորհրդակցելու կրկին, մեղմ ասած, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն արեց, բայց սա դեռ ամբողջը չէ: Նա չէր կարող «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» ոճով հայտարարություն չանել: Այս անգամ նա խոսեց «ռեյդեր» անելու մասին, հարկադրանքի մասին:
«Ռեյդերային» հարձակումներ իննսունականներին անում էին Ռուսաստանում՝ գործարարներից գումար եւ տարածք, շենք եւ շինություն խլելու համար: Հետաքրքիր է, թե որտեղից այդ բառը հայտնվեց Փաշինյանի խոսքի մեջ:
Ցավոք, կառավարությունում այդպես էլ չհասկացան, որ մարդկանց վրա ռեյդերային հարձակումներով հնարավոր չէ կորոնավիրուսի դեմ պայքարել: Չի կարելի երկիրը համակենտրոնացման ճամբարի վերածել, չի կարելի մարդուն ստիպել բաց տարածքում ձեռնոց եւ դիմակ կրել: Ափսոս, որ կառավարությունը եւ նրա ղեկավարը որեւէ հետեւություն չեն անում:
Վրաստանում կամ Իտալիայում ոչ մի ռեյդերային հարձակում չարեցին, նույնը եւ Չեռնոգորիայում: Հիմա այնտեղ խնդիր չկա: Ոչ մի տեղ խնդիր չկա: Աշխարհի միակ երկիրը, որտեղ խնդիր կա Հայաստանն է: Հիմա հարց՝ ո՞վ է մեղավոր այս ամենի համար:
Վարդան Մխիթարյան
Top-News.am