Կորոնավիրուսի բռնկում` Բելառուսի ատոմակայանում
«Ռոսատոմի» մոտ հարյուր աշխատակիցներ, որոնք մասնակցում են բելառուսական ատոմակայանի շինարարությանը, վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին ասել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչևն այսօր հեռարձակված տեսաուղերձում:
«Կարծես թե ամեն ինչ ճիշտ էր կազմակերպված, սակայն ինչ-որ փուլում զգոնությունը կորցրել են, խախտել մեկուսացման ու հիգիենայի պահանջները ու տեղում ստացել հիվանդության բռնկում»,- արձանագրել է «Ռոսատոմի» ղեկավարը` հույս հայտնելով, որ սա դաս կլինի ոլորտի մյուս ընկերությունների համար:
Բելառուսը կորոնավիրուսի տարածման տեմպերով երկրորդն է նախկին ԽՍՀՄ տարածքում` Ռուսաստանից հետո: Վերջին տվյալներով` երկրում արձանագրվել է վարակի ավելի քան 38 հազար դեպք, մահացել է 208 մարդ: Նախագահ Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարում էր, թե կորոնավիրուսը գլոբալ «փսիխոզ» է, և մինչ օրս կարանտին չի հայտարարել, սահմանները չի փակել: