Ամբոխավարություն
Կորոնավիրուսը խոցելի է նրանց համար ովքեր ունեն համակցված հիվանդություններ, անգամ համր ընթացող, որոնք գլուխ են բարձրացնում վարակի ժամանակ: Հիվանդությունը ի հայտ է բերում մեր թուլությունները: Համաճարակը ի ցույց է դնում հասարակության, իշխանությունների, կառավարման համակարգի թուլությունները և դեֆեկտները:
Սա լուրջ ուսումնասիրության առարկա է, սակայն հիմա արդեն կարելի է հանգել որոշակի եզրակացությունների`
Հասարակության ճնշող մեծամասնությունը ունի ցածր քաղաքակրթական մակարդակ
Իշխանությունները հետ չեն մնում հասարակության ճնշող մասից
Ռազմավարական մտածողությունը իսպառ բացակայությում է թե՛ Կառավարությունում, թե՛ ԱԺ-ում
Արհեստավարժությունը բացակայությում է և՛ Կառավարությունում, և՛ ԱԺ-ում
Ի՞նչ է կատարվում Հայաստանում:
Մայիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարարը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կորոնավիրուսային հիվանդությունից մահերը 1 մլն բնակչի հաշվով առ 22.05.2020թ. Համաշխարհային միջին` 43, Հայաստան` 24։ Աղբյուրը` https://www.worldometers.info/coronavirus/#countries”
Նշենք, որ կայքը տվյալները ստանում է ՀՀ առողջապահության նախարարությունից: Նույն օրը, առավոտյան, նախարարը մամուլի ասուլիսում ներկայացնում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հանրապետությունում` ծանր հիվանդներ 135, ծայրահեղ ծանր հիվանդներ 63: Նայում ենք կայքում` Հայաստան, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ 10:
Վերջին երկու ամիսների ընթացքում նախարարը գտնվում է ուշադրության կենտրոնում, անց է կացնում բազմաթիվ ասուլիսներ: Բոլոր հարցերին պատասխանում է բարյացակամ, հանգամանալից: Սակայն հակամարմինների թեստավորման հարցը մշտապես նյարդայնացնում է նախարարին: Մայիսի 22-ին էլ նույնը կրկնվեց: Լրագրողի հարցին հակամարմինների թեստավորման վերաբերյալ նախարարը տվեց անհասկանալի պատասխան`«Ինչ վերաբերում է հակամարմինների թեստերին, ապա մենք մի ընկերության հետ հիմա բանակցում ենք դրանք ձեռք բերելու շուրջ: Մոտ ժամանակներս հավանաբար նրանք կլինեն Հայաստանում, բայց դրանք օգտագործվելու են հիմնականում և կարծում եմ միգուցե նաև միայն հետազոտություն իրականացնելու համար, որպեսզի այսօր պարզենք իմունիտետ ունեցող քաղաքացիների շրջանակը և տոկոսը ընդհանուր պոպուլյացիայի մեջ: Բայց ես կարող եմ հիասթափեցնել շատերին, որովհետև նման հետազոտությունները այլ երկրներում ցույց են տվել, որ միևնույն է բնակչության շատ փոքր տոկոսն ունի իմունիտետ, կամ վարակվել է վիրուսով և դա որևէ կերպ չի կարող հանդիսանալ պաշտպանիչ պատնեշ մյուսներին չվարակելու տեսանկյունից: Այսինքն, մենք երկար ժամանակ պետք է պաշտպանվենք վիրուսից վարակվելուց և կոլեկտիվ իմունիտետի մոտալուտ ժամանում չի լինելու: Դա շատ ծանր հետևանքներ թողնող պրոցես կարող է լինել, բայց միևնույն է վերջում չի լինելու կոլեկտիվ իմունիտետ, ինչպես չկա օրինակ Իտալիայում, Ֆրանսիայում Իսպանիայում: Այնտեղ էլ ընդհանուր պոպուլյացիայի մեջ միևնույն է վարակվածները կամ իմունիտետ ունեցողների տոկոսը մոտավորապես տատանվում է 10-ից 20 տոկոսի շրջանակներում, բայց մենք անելու ենք այդ հետազոտությունը և արդյունքները կհրապարակենք:»
Ի՞նչը կարող է շատ ծանր հետևանքներ թողնող պրոցես լինել` թեստավորումը, թե կոլեկտիվ իմունիտետի ձևավորումը: Եթե վերջինը, ապա այն ձևավորվում է անկախ մեր կամքից: Ի՞նչ նկատի ունի նախարարը, ասելով վերջում: Եթե համաճարակի վերջում, ապա համաճարակի վերջում կունենանք կոլեկտիվ իմունիտետ, հակառակ դեպքում դա համաճարակի վերջը չէ: Եթե 10-ից 20 տոկոսը շատ փոքր թվեր են, ապա որքանն են քիչ փոքր թվեր:
Այսօր համաճարակը հաղթահարելու միակ իրական ռազմավարությունը դա կոլեկտիվ իմունիտետի ձևավորումն է ազգաբնակչության շրջանում 60-ից 70 տոկոսի մակարդակում: Այլ ռազմավարություն գոյություն չունի: Պետք է գիտակցել այս փաստը և մնացած գործողությունները կառուցել դրա հիման վրա:
Համաճարակի դեմ պայքարելու համար պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում համաճարակի հետ` որքա՞ն մարդ է արդեն հիվանդացել, ի՞նչ արագությամբ է տարածվում համաճարակը, ե՞րբ կհասնենք հարթեցմանը, որքա՞ն կլինեն այդ պահին ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների քանակը, ե՞րբ կհաղթահարենք համաճաճակը, արդյո՞ք դա խելամիտ ժամկետ է, կարո՞ղ ենք թույլ տալ մեզ արագացնել համաճարակի տարածումը, թե ընդհակառակը` պետք է դանդաղեցնել:
Ինչպե՞ս գտնել այս բոլոր հարցերի պատասխանը:
Ամենօրյա տվյալները` նոր դեպքեր, ծանր հիվանդներ, մահեր, որը ներկայացնում է առողջապահության նախարարությունը, ոչինչ չասող թվեր են համաճարակը գնահատելու տեսանկյունից:
Ինչպե՞ս գնահատել համաճարակը: Կա բժշկագիտության ճյուղ` համաճարակաբանություն: Ի՞նչ է ասում դրա մասին համաճարակաբանությունը:
Պետք է կատարել ազգաբնակչության շրջանում հակամարմինների հայտնաբերման թեստավորում: Այն պետք է կատարել ընտրովի, որոշակի պարբերականությամբ: Հնարավոր է նաև զուգահեռ կատարել հիվանդների հայտնաբերման ընտրովի թեստավորում: Պատկերացնենք այս ամենը հայտնի չէ նախարարին: Բայց նա ունի տեղակալներ, օգնականներ, գլխավոր մասնագետներ, դոկտորներ, պրոֆեսորներ: Նրանք հաստատ տեղեկացրել են նախարարին այդ մասին: 5 օրյա պարբերականությամբ կատարելով հետազոտությունը արդեն իսկ երրորդ տվյալները ստանալուց հետո կարելի է ամբողջական պատկեր ստանալ համաճարակի վերաբերյալ: Կարելի էր ընտրովի թեստավորում անց կացնել հիվանդության հայտնաբերման թեստերով։ Որոշակի պարբերականության դեպքում կարելի է լուրջ տվյալներ ստանալ
համաճարակի վերաբերյալ:
Չկա ռազմավարություն համաճարակի դեմ պայքարում: Ո՛չ կառավարությունում, ո՛չ ԱԺ-ում այս հարցը զարմանալի կերպով ոչ մեկի կողմից չբարձրացվեց: Պարետը զեկուցում է` բոլոր երկրները գտնվում են անորոշության մեջ, մենք էլ հետևում ենք նրանց: Ինչու են երկների ճնշող մեծամասնությունը ընտրում համաճարակի դեմ պայքարում ռազմավարություն չունենալու տարբերակը: Սա նույնպես լուրջ ուսումնասիրության խնդիր է: Առաջին հայացքից կարելի է փաստել` քաղաքական տրամադրությունների ձևավորում համացանցում և սոցիալական կայքերում, և որպես հետևանք իշխանությունների պոպուլիզմ:
Թշնամին ռմբակոծում է մեր քաղաքները, մենք օգնություն ենք ցույց տալիս վիրավորներին, հուղարկավորում զոհերին, ողջ մնացածներին կոչ անում դուրս չգալ թաքստոցներից, քանի դեռ մեր գիտնականները չեն հայտնաբերել կանխման զենքը: Այդպես պատերազմ չեն վարում: Դա դասալքություն է: Այսօր մենք պետք է պայքարենք այն միջոցներով ինչ որ ունենք: Օգտագործենք մեր փորձը, մեր ուժեղ կողմերը և հակառակորդի թուլությունները: Նախարարը հայտարարում է կորոնավիրուսի դեմ դեղամիջոց չկա: Այո, գիտությունը դեռևս չի ստեղծել դեղամիջոց, բայց ընդհանրապե՞ս ոչինչ չկա: Իսկ ինչպե՞ս են առողջանում հիվանդների ճնշող մեծամասնությունը: Մեր օրգանիզմը հաղթահարում է վիրուսը արտադրելով նրա դեմ սպեցիֆիկ հակամարմիններ, հենց այն հակամարմինները, որոնց հայտնաբերման թեստավորումը այդպես դուր չի գալիս նախարարին: Նախարարը շատ լավ գիտի այդ մասին:
Չէ որ հակամարմինների միջոցով են բուժում այնպիսի վիրուսային հիվանդություններ ինչպիսիք են կատաղությունը, A և B հեպատիտները, ծանր ընթացող շնչուղիների սուր վիրուսային ինֆեկցիաները և գրիպը: Շատ բակտերիալ ծագման հիվանդությունների ժամանակ հակաբակտերիալ միջոցներին զուգահեռ օգտագործում են հակամարմիններ`սիբիրախտ, բակտերիալ թոքաբորբ, մենինգիտ և այլ: Անգամ թունավորումներն են բուժում հակամարմինների օգնությամբ, օրինակ օձի խայթոցը: Ենթադրենք , որ ազգաբնակչության 10 տոկոսի մոտ կա ձևավորված իմունիտետ: Այսինքն 300 000 ՀՀ քաղաքացու արյան մեջ կան հակամարմիններ, որոնք կարող են օգնել հիվանդներին հաղթահարել կորոնավիրուսը:
Վարչապետը ինքնամեկուսացման 4-րդ օրը անց է կացնում կառավարության նիստ, ենթարկելով ամբողջ կառավարությանը կորոնավիրուսով միաժամանակյա վարակվելու վտանգի: Առողջապահության նախարարը լռում է:
Նույն օրը Վարչապետը մասնակցում է ԱԺ-ի նիստին, երկարատև ելույթ ունենում: Աժ նիստին մասնակցում են կառավարության անդամները, ովքեր արդեն իսկ պոտենցիալ վարակակիրներ կարող են լինել: Առողջապահության նախարարը լռում է:
Վերը նշված փաստը լուրջ ահազանգ է ԱԱԾ-ի համար: Կանխամտածված է արդյոք այդպես վարվել առողջապահության նախարարը, եթե ոչ, ապա նախարարը պետք է հեռացվի աշխատանքից արհեստավարժության բացակայության ձևակերպմամբ: Իսկ ընդհանրապես կառավարության և մասնավորապես պարետատան աշխատանքը համաճարակի դեմ, պետք է դառնա ԱԺ հատուկ հանձնաժողովի ուսումնասիրման առարկա: Համաճարակի դեմ պայքարի բացակայությունը արդեն իսկ ավելի մեծ վնասներ է հասցրել, քան ապրիլյան պատերազմը: Եվ քանի որ, խոսքն արդեն պետության անվտանգությանն է վերաբերում, կարծում ենք ճիշտ կլինի ուժեղացնել պարետատունը, պարետատան աշխատանքներում ընդգրկել նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի Պետին:
Արմեն Ստեփանյան