Կոնտակտավորներին չեն թեստավորում, անգամ տարեցների դեպքում հաշվի չեն առնում քրոնիկական հիվանդությունները
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Թեստի դրական պատասխանի մասին տեղեկանալուց հետո Ինեսսա Պետրոսյանին առաջարկել են գնալ պոլիկլինիկա և անալիզներ հանձնել:
«Ես զանգահարել եմ բազմաթիվ թեժ գծեր, սակայն դրա արդյունքում ինձ միայն առաջարկել են, որ իմ ոտքով գնամ պոլիկլինիկա և անալիզներ հանձնեմ»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց Ինեսսա Պետրոսյանը:
Նրա կարծիքով` պոլիկլինիկայի աշխատակիցները բոլորովին պատրաստ չէին ստեղծված իրավիճակին:
«Առաջնային օղակը՝ պոլիկլինիկաները, բոլորովին պատրաստ չէին ստեղծված իրավիճակին: Ակնհայտ է, որ արդեն հինգ օրվա ընթացքում որևէ նախաձեռնություն իրենց կողմից չի եղել, իմ վիճակի որևէ գնահատում չի եղել»,- ասաց նա:
Ինեսսա Պետրոսյանը զանգահարել է առաղջապահության նախարարության թեժ գծեր՝ խնդրելով թեստավորել իր հետ կոնտակտավորներին՝ մասնավորապես տարեց ծնողներին, սակայն մերժում է ստացել:
«Թեստավորում չի արվում, պետք է վիճակը շատ ծանր լինի, որ թեստավորում անեն, անգամ տարեցների դեպքում: Հաշվի չի առնվում նաև քրոնիկական հիվանդությունների առկայությունը: Խնդիրը սա է»,-ասաց նա:
Ինեսսա Պետրոսյանը նաև նշեց, որ երեկվանից ախտանշաններ են ի հայտ եկել նրա աղջկա մոտ: