Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է:
Բացելով նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, չի կարող մասնակցել նիստին, սակայն թե որքան կտեւի այդ վիճակը, հիվանդանոցից չեն հաղորդել:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանների կողմից միջնորդություն է ներկայացվել նիստի հետաձգման մասին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ նրա ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, ինքնամեկուսացման մեջ է:
Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից միջնորդություն է ստացվել մինչեւ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի կարգավորումը նիստը հետաձգելու մասին:
Նախորդ դատական նիստը նույնպես տեղի չէր ունեցել: Ըստ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք էր ստացվել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է եւ չի կարող մասնակցել նիստին:
Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 2-ին՝ ժամը 13-ին: