Քաջարանի քաղաքապետը չի կարող գնահատական տալ ոստիկանության գործողություններին. Արմեն Խաչատրյան
Քաջարանի քաղաքապետը չի կարող գնահատական տալ ոստիկանության գործողություններին: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Քաջարանի համայնքապետի պնդումներին, թե ոստիկանությունում բռնություն է կիրառվել, որ ինքը ոստիկանությունում տեսել է այդ ամենը:
«Նա կարող է ընդամենը որպես քաղաքացի իր կարծիքը հայտնել, ազատ արտահայտվել է, դե ոչինչ: Բոլորի կարծիքները քննարկման ենթակա են: Գործի քննության ընթացքում կպարզվի հանցագործություն կատարած բոլոր անձանց ինքնությունը, բոլոր փաստական հանգամանքները եւ վստահ եղեք, որ բոլորը դատարանի առաջ պատասխան կկրեն»:
Հարցին, թե որտեղի՞ց վստահություն, որ անհամաչափ բռնություն չի կիրառվել ձերբակալվածների նկատմամբ, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ոստիկանապետի հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն, որպեսզի պարզեն ոստիկանության աշխատողների գործողությունների համաչափությունը: Միայն դրա արդյունքում հստակ կլինի, թե իրավաչափ են գործողությունները, թե ոչ: Սակայն իմ տեղեկություններով եւ ներքին համոզմունքով, այո, այդ գործողությունները համաչափ են եղել եւ ընդհանրապես սպասելի է, որ ոստիկնության գործղությունների ժամանակ քերծվածքներ լինեն, թեթեւ ցավ պատճառվի եւ այլն»:
Ինչ վերաբերում է նրան, որ սխալմամբ այլ մարդու են բերման ենթարկել, որը քերծվածքներովէ դուրս եկել, պատգամավորն արձագանքեց. «Եթե մարդուն սխալմամբ բերման են ենթարկել եւ դրա հետեւանքով այդ քաղաքացուն վնաս է պատճառվել… սխալներ միշտ էլ կարող են լինել, բայց եթե հետեւանքներն այնպիսին են, որ պետք է այլ գնահատականներ տալ, անպայման կտրվի ծառայողական քննության արդյունքներով»: