Եթե ընտանիքում կա չորս անձ և օրվա մեջ 2 անգամ պետք է դիմակը փոխեն, ապա ամսական յուրաքանչյուր անդամ պետք է վճարի 20 հազար դրամ. Նաիրա Զոհրաբյան
Սա այն կարևորագույն սոցիալական խնդիրն է այսօր, որ ձեր աշխատանքը մի քիչ ավելի օպերատիվ պետք է լինի, քանի որ այսօր առնվազն 12 դեղատուն եմ մտել և, անկեղծ ասած, միգուցե իմ բախտը չի բերում, ես չգիտեմ, բայց 150, 160 դրամով դիմակ ոչ կենտրոնում, ոչ էլ Արաբկիր համայնքում ես չեմ տեսել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ, դիմելով տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, ասաց ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ դիմակների գինը 210-230 դրամ է:
«Եթե մենք հաշվում ենք, որ մեկ ընտանիքում կա նվազագույնը չորս անձ և նրանք օրվա մեջ առնվազն երկու անգամ պետք է փոխեն դիմակը, ապա ամսական ընտանիքի յուրաքանչյուր անդամ վճարելու է 20 հազար դրամ, այլապես եթե ճմրթած, կեղտոտ դիմակը պարբերաբար կրեն, այն դառնալու է առողջության համար խիստ վտանգավոր։ Գումարեք, միջինը չորս հոգու, հիմա այդ վիճակագրությունը ձեզ չպիտի՞ ստիպի մի քիչ ավելի օպերատիվ լինել ձեր քայլերում, ձեր գործողություններում: 20 դրամով էլ էին գերշահույթ ստանում, հիմա 220 դրամով էլ են ստանում, արդեն սուպեր, սուպեր, սուպեր գերշահույթ»,-ասաց նա:
Գեղամ Գևորգյանը համաձայնեց, որ ՀՀ-ում դիմակը 220 դրամով է վաճառվում: «Որ ասում եք՝ օպերատիվ աշխատանք կատարեք, ո՞ր լիազորությունը չենք արել: Եթե օպերատիվ աշխատանք ենթադրվում է, որ ես պետք է զանգեմ ներմուծողներին, ասեմ՝ դիմակի գինը իջացրեք 60 դրամ, թե չէ պատասխանատվության կենթարկեմ, դա կարող է լինել, բայց կարող է որակվել որպես իմ պաշտոնական լիազորությունները սահմանազանցում, վաղը ինձ կանչեն, ասեն՝ ինչո՞ւ ես միջամտում տնտեսական գործունեությանը ոչ իրավական ճանապարհով: Մենք իրենց հետ խոսել ենք, հավաքել ենք, իրավական ճանապարհը ցույց ենք տվել, զգուշացում տվել ենք, ասել ենք, որ եթե մեկդ կորոնավիրուսի պայմաններում փորձի չարաշահել ունեցած դիրքը, ապա պատասխանատվությունը շատ ավելի խիստ կլինի: Բայց եթե մենք ուզենանք մարդուն պատասխանատվության ենթարկել, առնվազն պետք է ժամանակ տանք, եթե նույնիսկ մարդը մեկ օրում գինը բարձրացնի, մենք որևէ բան չենք կարող անել»,-ասաց նա և նշեց, որ կա խնդիր, և խնդրի լուծման համար հարուցվել է վարույթ: