Վերջին երկու տարիներին ՀՀ իշխանությունները դրսևորում են քաղաքական բացառիկ էքսցենտրիզմ. Արթուր Ղազինյան
Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները դրսևորում են քաղաքական բացառիկ էքսցենտրիզմ. տարերայնություն, քաոսայնություն, անկանխատեսելիություն, ռեակցիոնիզմ, հուզականություն և հոգեկան անհավասարակշռություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները դրսևորում են քաղաքական բացառիկ էքսցենտրիզմ. տարերայնություն, քաոսայնություն, անկանխատեսելիություն, ռեակցիոնիզմ, հուզականություն և հոգեկան անհավասարակշռություն։
Սրանք այն բնութագրիչներն են, որոնցից պետք է զերծ մնան պետական իշխանության բարձրագույն ներկայացուցիչները և որոնք անհամատեղելի են պետության բարձրագույն իշխանության հետ։
Քաղաքական էքսցենտրիզմով անվիճելի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, ով իր գրեթե բոլոր հրապարակային ելույթներում ցուցաբերում է պետության ղեկավարին ոչ վայել հուզականություն, ժեստիկուլյացիա, բառամթերք, իսկ գործողություններում և որոշումներում ընդգծված տարերայնություն և անկանխատեսելիություն։
Իր էքսցենտրիզմով Փաշինյանին զիջում է Արսեն Թորոսյանը, ով բացի տարօրինակ հուզականությունից աչքի է ընկնում նաև լկտի ցինիզմով, ինչն առկա համաճարակի պայմաններում ուղղակի անթույլատրելի է։
Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել ամբողջ Կառավարության, Ազգային ժողովի, դատական և իրավական համակարգի վրա, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի պետության կառավարման որակի և արդյունավետության շեշտակի անկման։
Քաղաքական էքսցենտրիզմի հակակշիռը քաղաքական ցենտրիզմն է, որի հիմքում դրված են մասնագիտական պրոֆեսիոնալիզմը, կայունությունն ու կանխատեսելիությունը, վստահելիությունն ու որոշակիությունը, լրջությունն ու սոլիդությունը։
Հայաստանի հաջորդ կառավարության ձևավորման հիմքում պետք է դրվի քաղաքական ցենտրիզմը, որն իր բնութագրիչ հատկանիշներով ի զորու կլինի վերացնել թույլատրելի բոլոր սահմաններն անցած հուզականությունը, ատելության ու թշնամության միջավայրը, իսկ մասնագիտական պրոֆեսիոնալիզմով բարձրացնել պետության կառավարման որակն ու պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետությունը»: