Ահա թե որն է արտակարգ դրությունը երկարացնելու միակ պատճառը
Ամբողջ աշխարհը մեկը մյուսի ետեւից դուրս է գալիս կարանտինից, վերացնում արտակարգ դրության կամ իրավիճակի ռեժիմը, իսկ Հայաստանում վերցրին եւ ոչ միայն արտակարգ դրությունը երկարացրին մեկ ամսով, այլ նաեւ մարդկանց պարտադրում են դիմակ կրել անգամ բաց տարածքներում: Դիմակների խնդիրը հիմա չքննարկենք: Անդրադառնանք արտակարգ դրությանը:
Արտակարգ դրության կարիք Հայաստանը չուներ: Ինչ իմաստ ունի արտակարգ դրությունը, երբ աշխատում է տրանսպորտը, բաց են բնակավայրերն իրար կապող ճանապարհները, գործում են խանութները, ռեստորանները, սրճարանները:
Իսկ արտակարգ դրության երկարացումը ունի մի կարեւոր նպատակ՝ արգելել բողոքի գործողությունները, հանրահավաքները եւ երթերը: Ոստիկանության տարածած հայտարարությունը վկայում է հենց այս մասին:
Այսպես, որստիկանությունը հայտարարել է, թե օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։
«Ոստիկանությունը հիշեցնում է, որ 2020 թվականի Կառավարության 298-Ն որոշմամբ` արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։ Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ»,- նշված է ոստիկանության հայտարարությունում։
Այս կառավարությունը սարսափում է անգամ ռեստորանների աշխատողների հավաքից: Ձախողված, ամբողջովին եւ բոլոր ոլորտներում ձախողված կառավարությունը կորոնավիրուսային համավարակը փորձում է իրեն դաշնակից դարձնել, գոնե ժամանակավորապես արգելելով բողոքի գործողությունները:
Լավ, ենթադրենք մեկ ամիս եւս արգելեցիք, իսկ ի՞նչ եք անելու հետո: Ինչ պատասխան եք տալու տուն պահելու գումարից զրկվածներին, ինչ պատասխան եք տալու հսկայական վարկեր վերցրած եւ մեծապես տուժած գործարարներին, ինչ պատասխան եք տալու ամբողջ ժողովրդին:
Չեք կարող արտակարգ դրությունն անվերջ շարունակել, որքան էլ հող եք նախապատրաստում դրա համար, անդադար թվեր հրապարակելով, թե վարակվեց 300, 200 կամ 100 մարդ կամ կանխատեսելով, թե կորոնավիրուսը Հայաստանում կմնա եւս մեկ տարի:
Հայաստանը հայտնվել է բոլորովին այլ իրականությունում եւ արտակարգ դրությունով այդ իրականությունը հնարավոր չէ վերացնել:
Հակոբ Ասատրյան
Top-News.am