Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումը
Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումն ու աղոթքը։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով գերատեսչության կայքը։
«Մենք դատապարտում ենք Թուրքիայի պետական հեռուստաալիքով հեռարձակված Ղուրանի ընթերցումն ու աղոթքը՝ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավարի ներկայութամբ։ Սուրբ Սոֆիայի տաճարը հուշարձան է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Ղուրանի ընթերցմամբ, աղոթքի եւ իսլամի շրջանակում այլ գործողությունների միջոցով այն մզկիթի վերածելու փորձը վիրավորում է միջազգային հանրությանը, որը պետք է դրան արձագանքի։
Դա մարտահրավեր է համայն աշխարհի քրիստոնյաների կրոնական զգացմունքներին եւ մարդկության ժառանգությունը հարգողներին։ Մենք Թուրքիային կոչ ենք անում ժամանակակից ու ժողովրդավարական երկրի վարքագիծ դրսեւորել եւ պաշտպանել Սուրբ Սոֆիայի էկումենական բնույթը՝ հարգելով այդ հուշարձանը»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ մահմեդականների մեծ խումբ Սուրբ Սոֆիայի դարպասների մոտ աղոթել է (նամազ)՝ պահանջելով այն մզկիթի վերածել։