Թուրքիայի բնակչությունը 2058թ.-ից կնվազի. ՄԱԿ-ի զեկույց
Ըստ աշխարհի բնակչության մասին ՄԱԿ-ի նոր զեկույցի՝ Թուրքիայի բնակչությունը նվազման միտում ունի 2058թ.-ից սկսած: Այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ Թուրքիայի բնակչությունը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կազմել է 79 մլն 814 հազար 871 մարդ: Հայտնի է նաև, որ երկրի բնակչության 92,3 տոկոսը կենտրոնացած է մեծ քաղաքներում և նահանգային շրջկենտրոններում, իսկ 7,7 տոկոսը՝ գյուղերում: Թուրքիայի գրեթե 80 մլն-անոց բնակչության ուղիղ 18,5 տոկոսը բնակվում են երկրի տնտեսական և մշակութային կենտրոն համարվող Ստամբուլում:
Փորձագետները ենթադրում են, որ 2050թ.-ին Թուրքիայի բնակչությունը կանցնի 95 մլն-ի շեմը, սակայն 2058թ.-ից սկսած՝ կսկսի նվազել: Սպասվում է, որ արդեն 2100 թ.-ին Թուրքիայի բնակչությունը կհասնի 85 մլն-ի:
Ըստ զեկույցի՝ սպասվում է նաև, որ 2024թ.-ին Հնդկաստանը, ետևում թողնելով Չինաստանին, կդառնա աշխարհի ամենաշատ բնակչությունն ունեցող երկիրը: