Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են ձերբակալվածների իրավունքները պաշտպանելու հարցում. ԵԽԽՎ համազեկուցողներ
ԵԽԽՎ՝ Ադրբեջանի գծով համազեկուցողներ Ստեֆան Շենախը (Ավստրիա) եւ Ցեզար Ֆլորին Պրեդան (Ռումինիա) հունիսի 12-14-ը այցելել են Բաքու, որտեղ քննարկել են մարդու իրավունքների վիճակն այդ երկրում:
Ողջունելով որոշ, այսպես կոչված, «քաղբանտարկյալների» ազատ արձակումը 2016 թվականին, նրանք մտահոգություն են հայտնել վերջին ամիսներին նոր կալանավորումների առթիվ, միաժամանակ հույս հայտնելով, որ 2017-ի ընթացքում ավելի շատ մարդիկ ազատ կարձակվեն:
Համազեկուցողները շարունակել են իրենց նախորդ քննարկումները Ադրբեջանի արդարադատության համակարգի վերաբերյալ: «Արդարադատության համակարգը պետք է լինի իրապես անկախ, անաչառ եւ ազատ գործադիր իշխանության միջամտությունից»,- ընդգծել են համանախագահները: Նրանք պնդել են, որ պետք է տարանջատել իշխանության թեւերը եւ ընդգծել խորհրդարանի կողմից գործադիր իշխանությանը վերահսկելու կարեւորությունը:
«Քրեական արդարադատության համակարգը պետք է լինի թափանցիկ, հաշվետու եւ հարգի անմեղության կանխավարկածը, ինչպես նաեւ կողմերի հավասարության սկզբունքը»,- ասել են համազեկուցողները: Նրանք անդրադարձել են նաեւ նախնական կալանքներին եւ բանտարկության այլընտրանքներին: Համազեկուցողները հույս են հայտնել, որ արդարադատության համակարգը անչափահասների նկատմամբ կբարելավվի:
Համազեկուցողները նաեւ անդրադարձել են հասարակական կազմակերպությունների գործունեության եւ ֆինանսավորման հարցերին՝ մտահոգություն հայտնելով թվային տարածքում խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակումների վերաբերյալ:
Անդրադառնալով ադրբեջանցի բլոգեր Մեհման Գալանդարովի մահվանը, համազեկուցողները հիշեցրել են ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու հարցում իշխանություններին պատասխանատվության մասին եւ կոչ արել արդյունավետ հետաքննություն անցկացնել բլոգերի մահվան հանգամանքները պարզելու համար:
Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ համազեկուցողների նախնական զեկույցը կներկայացվի 2017թ. սեպտեմբերին:
Նշենք, որ հանազեկուցողները հանդիպել են Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի եւ արդարադատության նախարարի, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության, գլխավոր դատախազի տեղակալի, սահմանադրական եւ գերագույն դատարանների նախագահների, պետանվտանգության ծառայության ղեկավարի եւ մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Համազեկուցողները հանդիպումներ են ունեցել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, վերջերս բանտերից ազատված այլախոհների, իրավաբանների եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այս մասին ասվում է ԵԽԽՎ հաղորդագրության մեջ: Այցի ընթացքում համազեկուցողները քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը: