Մինչեւ 2030 թ․ Երկրի բնակչությունը կավելանա 1 միլիարդով
Հիմա երկրագնդի բնակչությունը կազմում է 7․6 մլրդ մարդ։ Այս մասին ասվում է համաշխարհային ժողովրդագրական իրավիճակի ու դրա փոփոխման հեռանկարների մասին նոր զեկույցում, որը պատրաստել է ՄԱԿ քարտուղարության տնտեսական ու սոցիալական հարցերով դեպարտամենտը։
Մոլորակի բնակիչների քանակությունը, չնայած ցածր ծնելիությանը, աճելու է տարեկան մոտ 83 միլիոնով։ Արդեն մինչեւ 2030 թ․ աշխարհի բնակչությունը մեկ միլիարդով շատ կլինի, մասամբ կյանքի տեւողության ավելացման հաշվին։ Մոտ 80 տարի հետո աշխարհում յոթ անգամ շատ 80-ն անց մարդ կլինի, քան հիմա։ 2030-ին աշխարհում կլինի 8․6 մլրդ մարդ, 2050-ին՝ 9․8 մլրդ, իսկ 2100-ին՝ 11․2 մլրդ, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Փաստաթղթում նշված են նաեւ առանձին երկրների ժողովրդագրական միտումները։ Ամենամեծ բնակչությամբ երկրներն են մնում Չինաստանը, Հնդկաստանը՝ 1․4 ու 1․3 մլրդ բնակչությամբ։ Այդ երկու երկրներին է բաժին հասնում Երկրի բնակչության 19 ու 18 տոկոսը համապատասխանաբար։ Ակնկալվում է, որ 2024-ին Հնդկաստանը բնակչությամբ կգերազանցի Չինաստանին։
Առավել արագ տեմպերով է աճում Նիգերիայի բնակչությունը։ 2050-ին այդ երկիրը ամենամեծ բնակչությամբ երկրների տասնյակի յոթերորդ հորիզոնականից կբարձրանա 3-րդ հորիզոնական ու առաջ կանցնի ԱՄՆ-ից։