«Փոշեկուլ մի օգտագործեք». վրացի ֆիզիկոսը խոսել է կորոնավիրուսի առանձնահատկությունների մասին
Վրացի ֆիզիկոս, Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Ավթանդիլ Թավխելիձեն ուսումնասիրում է նոր տեսակի կորոնավիրուսի առանձնահատկությունները, որոնք կապված են փոշու հետ: Գիտնականն իր Facebook-ի էջում գրառում է կատարել` անդրադառնալով կորոնավիրուսի առանձնահատկություններից մեկին:
«Ուշադրություն դարձրեք փոշուն տանը և փողոցում: Իմ ուսանողները գիտեն, որ սովորական մաքրության օդի ամեն մի խորանարդ սանտիմետրում փոշու շուրջ 1000 մասնիկ կա (ամեն մեկի չափը 1-ից 10 միկրոն): Այդ մասնիկները կարող են կորոնավիրուսի կրող լինել: Վիրուսն ինքն իրենով կարողանում է տեղավորվել փոշու մասնիկի վրա, վերջիններս էլ կարողանում են մնալ օդում` իրենց վրա կրելով վիրուսը»,-գրել է ֆիզիկոսը:
Պրոֆեսորը բացատրել է, որ մենք պետք է պայքարենք վիրուսի դեմ այն մեթոդներով, որոնցից օգտվում ենք օդը փոշուց մաքրելու համար:
«Այդ մեթոդները շատ հայտնի են: Հատակը պետք է մաքրել խոնավ միջոցներով, օճառով: Փոշեկուլ մի օգտագործեք: Պետք է խուսափել օդափոխիչ մեթոդներից, որոնցում բարձրորակ ֆիլտրեր չկան: Օդը փոշուց լավ է մաքրվում ջրի միջոցով: Այդ իսկ պատճառով անձրևային եղանակին ավելի լավ է զբոսնել»,-գրել է ֆիզիկոսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 605 277 դեպք, 95 751-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 356 925 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: