Լենա Նազարյանին հանգիստ թողեք. պարգեւավճարներ բաժանողը նա չէ
Մի՞թե ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Լենա Նազարյանը սխալ է, երբ ասում է, թե նախարարը չի կարող 500 հազար դրամով ապրել: Ոչ նա սխալ չէ, այլ շատ ճիշտ է: Լենա Նազարյանը սխալ է, երբ շեշտում է, թե նախարարը չի կարող 500 հազարով ապրել: 500 հազար դրամով ոչ միայն նախարարները, այլ մնացած բոլորն ընդամենը գոյություն են պահպանում:
Լենա Նազարյանը եւ իր ընկերները սխալ են, երբ իրենց թվում է, թե լավ պետք է ապրեն միայն իրենք, իսկ մնացածները վատ, քանի որ իրենց գլխից չեն կարողանում հանել աղքատությունը:
Լենա Նազարյանը սխալ է բոլորովին այլ հարցում: Նա կոպիտ սխալ թույլ տվեց, երբ հայտարարեց, թե նվիրյալներ չկան, եւ որ որեւէ մեկը պարտավոր չէ ձրի աշխատել: Այս հայտարարությունից հետո Լենան պետք է հրաժարական տար եւ նման հորդորով դիմեր իր կուսակից ընկերներին, եթե իրենք եւս այս հարցում համաձայն են իր հետ:
Իմքայլականները կամ ՔՊ-ականները իշխանության եկան մարդկանց համոզելով, որ իրենց ծառաներն են, եւ որ գալիս են ժողովրդին ծառայելու: Նրանք ժողովրդին համոզեցին, որ նվիրյալներ են: Հիմա ասում են, թե ոչ, չի կարող այդպես լինել: Եթե չի կարող, ապա հեռացեք իշխանությունից եւ որքան շուտ, այնքան լավ բոլորի եւ առաջին հերթին ձեզ համար:
Դուք եկաք իշխանության մեծ-մեծ խոստումներով, եկաք, խոստանալով, որ մարդը պետք է լավ ապրի: Դուք պետք է բավարարվեիք ամենանվազագույն աշխատավարձով այնքան, քանի դեռ շարքային եւ աշխատասեր մարդու կենսամակարդակը չէր աճել չորս անգամ, առնվազն չորս անգամ: Դուք եկել էիք իրավիճակ փոխելու, տնտեսական հեղափոխություն անելու:
Կատարեիք ձեր առաքելությունը եւ հետո ձեր աշխատավարձը հասցնեիք ոչ թե հազար կամ երկու, այլ չորս կամ հինգ հազար դոլարի: Ընդահանրապես, նորմալ երկրներում ամենաբարձր եւ ամենացածր աշխատավարձերի տարբերությունը չպետք է գերազանցի հինգ անգամը, ծայրահեղ դեպքում յոթ անգամը: Ստեղծեիք այդ երկիը, ապա բաժանեիք պարգեւավճարները:
Հիմա հանրությունը ճիշտ չի վարվում, որ նետերն ուղղել է Լենա Նազարյանի դեմ: Անիմաստ է եւ սխալ: Ոչ Լենան Նազարյանն է պարգեւավճարների մասին որոշում կայացնողը, ոչ էլ նա է իր կուսակցության խիղճը, միտքը եւ պատիվը: Նա ընդամենը արտահայտեց իր թիմակիցների տեսակետը: Շնորհակալություն հայտնեք նրան անկեղծության համար եւ անցնեք առաջ, իսկ քննադատեք եւ հաշիվ պահանջեք Լենա Նազարյանի քաղաքական թիմի առաջնորդից:
Վարդան Մխիթարյան
Top-News.am