Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել. ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության:
NEWS.am-ի հետ զրույցում Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտնեց, որ հայցվոր կողմը պահանջում է կանխել նրա իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես, անմարդկային վերաբերմունքը եւ խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Օրբելյանը հայտնեց, որ միաժամանակ երկու հայց են ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության եւ Վարչական դատարան։
Արամ Օրբելյանը նշեց, որ Քրեակատարողական ծառայությունը նման վերաբերմունք կամ գործողություններ դեռեւս չեն կատարել, խնդիրը կապված է համակավարկի հետ. «Այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, աշխարհում կա մահացության ցուցանիշ այդ վարակի, դրա համար նա գտնվում է ռիսկային խմբում։ ՔԿՀ-ներում էլ կան վարակվածության դեպքեր, որն անհանգստացնող է, իսկ Քոչարյանն էլ շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկում»։
Օրբելյանը նկատեց, որ այդ դեպքում արդեն խոշտանգման եւ անմարդկայն վերաբերմունքի տարրեր կան։
Արամ Օրբելյանը նշեց, որ իրենց հայցադիմումների հիմք է հանդիսացել նաեւ միջազգային կառուցների՝ ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարների, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունները, որ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու։
Նշենք, որ հայցադիմումը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանին: