Ավագ չորեքշաբթի. Տիրոջ մատնության եւ մեղավոր կնոջ ապաշխարության հիշատակի օր
Ավագ չորեքշաբթի Մեր Տիրոջ մատնության, ինչպես նաև մեղավոր կնոջ ապաշխարության հիշատակի օրն է: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը, մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսի ոտքերը, ինչը խորհրդանշում էր Տիրոջ մոտալուտ մահը:
Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ:
Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11): Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը: Միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:
Ըստ ավանդության՝ Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունից երկու օր առաջ, Տիրոջ աշակերտներից Հուդա Իսկարիովտացին գնաց փարիսեցիների մոտ և խոստացավ Տիրոջը մատնել նրանց: Իսկ նրանք երեսուն արծաթ խոստացան նրան: Այս մասին մարգարեացել էր Զաքարիա մարգարեն. «Ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվեք իմ վարձը...
Եվ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ» (Զաք. 11: 14): Այսօրվա խորհուրդը Տիրոջը մատնելու Հուդայի դավադրության հիշատակն է: Եկեղեցին այսօր պատգամում է հավատարիմ սիրով սիրել Քրիստոսին և հեռու մնալ ամեն մեղքից և գայթակղությունից, լինել աստվածասեր և ոչ՝ Հուդայի պես, արծաթասեր, որովհետև Սուրբ Պետրոս առաքյալն ասում է. «Ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից, այլ՝ թանկագին արյամբ Քրիստոսի» (Ա Պետր. 1: 18-19):