Nat-geo. Կորոնավիրուսի համավարակը Երկրի վիբրացիան նվազեցրել է
Ներկայումս աշխարհի սեյսմոլոգները նշում են ամենօրյա ֆոնային սեյսմիկ աղմուկի, այսինքն՝ ավտոմեքենաների, գնացքների եւ մարդկանց գործունեությամբ ստեղծվող վիբրացիայի կտրուկ նվազում: Այս աղմուկի բացակայությամբ Երկրի վերին կեղեւը փոքր-ինչ քիչ է թրթռում, փոխանցում է Nat-geo-ն:
Սրա վրա առաջինն ուշադրություն է դարձրել Բելգիայի Թագավորական աստղադիտարանի երկրաբան եւ սեյսմոլոգ Թոմաս Լեքոկը: Նրա խոսքով՝ մարտի կեսից Բրյուսելում դիտվում է սեյսմիկ աղմուկի 30-50 տոկոսով նվազում: Սա տեղի է ունենում երկրում դպրոցների եւ այլ ձեռնարկությունների փակման, ինչպես նաեւ սոցիալական հեռավորության պահպանման այլ միջոցառումների ֆոնին:
Աղմուկի նվազումը եւս մեկ հատկանշական էֆեկտ է ստեղծում: Սեյսմոլոգները հիմա կարող են հայտնաբերել ոչ մեծ երկրաշարժերն ու ուրիշ սեյսմիկ իրադարձություններ, որոնք հաճախ նախկինում չէին կարող հայտնաբերել: Սեյսմիկ կայանները սովորաբար տեղակայվում են քաղաքային միջավայրից դուրս, քանի որ դա թույլ է տալիս ավելի լավ հետեւել տարբեր իրադարձություններին:
Բրյուսելում, սակայն, կայանը կառուցվել է ավելի քան կես դար առաջ, եւ այդ ժամանակից ի վեր քաղաքը զգալիորեն ընդարձակվել է: Այս պատճառով այստեղ, որպես կանոն, չէին գրանցվում ոչ մեծ սեյսմիկ իրադարձությունները, եւ գիտնականները ստիպված էին հույսը դնել առանձին կայանի վրա, որը սեյսմիկ ակտիվության մոնիթորինգի համար օգտագործում էր հողի տակ խոր դրված սարքավորումներ:
«Բայց ներկայումս քաղաքում լռության շնորհիվ վերգետնյա կայանը գրեթե նույնքան լավ է աշխատում, որքան եւ գետնի տակ եղածը»,- նշում է Լեքոկը:
Նրա խոսքով՝ մարդկային գործունեության հետեւանք աղմուկի մակարդակը ցույց տվող գրաֆիկը վկայում է այն մասին, որ մարդիկ հետեւում են իշխանությունների նախազգուշացումներին եւ արտաքին ակտիվությունը նվազագույնի են հասցնում: