Ի՞նչ է մոռացել Լեւոն Տեր-Պետրոսյանը
Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Այս մասին ասում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը:
Նա նաեւ մի շարք առաջարկներ է արել «ներկայիս անբնական ու վտանգավոր ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը» նպաստելու համար:
Առաջարկների բոլոր կետերին մտադիր չենք անդրադառնալ, այլ կանգ առնենք կետերից երեքի վրա:
Մասնավորապես, ՀՀ առաջին նախագահը կարծում է, որ գործող իշխանություններից հաշիվ պահանջելու հարցը պետք է թողնել ապագային: Սա շատ հետաքրքիր եւ բազմանշանակ, միաժամանակ բազմաթիվ հարցեր առաջացնող ձեւակերպում է:
Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։
Փաստենք, որ ՀՀ առաջին նախագահը եւս համոզված է, որ հանձնաժողովի աշխատանքը ավելորդ գրգռություն է առաջացնում գերլարված մթնոլորտում: Այսուհանդերձ, ավելի տրամաբանական կլիներ, եթե Տեր-Պետրոսյանը առաջարկեր ոչ թե սառեցնել, այլ դադարեցնել հանձնաժողովի աշխատանքը:
Այժմ վեցերորդ կետի մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը եւ այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսեւորելու այս պատեհությունը։
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, ուզում էր այս առաջարկը ներառել իր հրապարակման մեջ, ապա դրանից առաջ նա մոռացել է երկու կետի մասին: Նախ նա պետք է իշխանություններին եւ նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կոչ աներ դադարեցնել երկիրը սեւի եւ սպիտակի, հեղափոխականների եւ հակահեղափոխականների բաժանելու պրակտիկան, ապա իշխանություններից պահանջեր դադարեցնել քրեական հետապնդումները երկրորդ եւ երրորդ նախագահների նկատմամբ եւ կոչ աներ անհապաղ ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որից հետո հաստատ կընկալվեր նաեւ նրա առաջարկների վեցերորդ կետը:
Իսկ այսպես ստացվում է, որ ինչ-ինչ պատճառներով Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու կարեւոր կետ է բաց թողել, որի պատճառով, մեղմ ասած, հատկապես վեցերորդ կետը չի ընկալվում:
Մնում է հույս հայտնել, որ Տեր-Պետրոսյանը պետական այրին վայել կեցվածք կընդունի եւ ժամ առաջ կհրապարակի նաեւ այդ երկու կետերը:
Գեղամ Նազարյան
Top-News.am